ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերի հետ: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Թ. Լաուֆերին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ Գերմանիան իրավամբ հանդիսանում է Հայաստանի կրթության ոլորտի կարևորագույն գործընկերներից մեկը: "Հայ-գերմանական կրթական համագործակցությունում DAAD-ի կարևորությունը չափազանց մեծ է: DAAD-ի կառույցի շնորհիվ գերմանական առաջատար բուհեր ընդունված ուսանողների և շրջանավարտների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` նվիրական աշխատանքի համար",-նշել է նախարարը` հավելելով, որ վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարարի հետ հանդիպմանը ևս կարևորվել է DAAD-ի դերը: Իր խոսքում տիկին Լաուֆերին նշել է, որ կրթաթոշակային ծրագրով գերմանական բուհեր ընդունված ուսանողների առնվազն 90 տոկոսը վերադառնում է Հայաստան` իր գիտելիքները ներդնելով հայրենիքում: Նա կարևորել է նաև ՀՀ և Գերմանիայի բուհերի միջև հորիզոնական համագործակցության զարգացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի "Մեսրոպ" հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությանը: Նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում ՀՀ և Գերմանիայի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու և ՀՀ-ում գերմաներեն լեզվի ուսուցման գործում ունեցած ավանդի համար Թինե Լաուֆերին խրախուսել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: