Ազատության հրապարակից մեկնարկել է եռագույններով երթը
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է եռագույններով երթը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են դրոշներով քայլել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցները վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա ծռեր»:
Նախաձեռնությունն ավելի վաղ տարածել էր հաղորդագրություն, որում ասվում է. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձն է, մի տոն, որի հիմքում ընկած է անկախությունը, մի տոն, որի ամեն մի մասնիկը պետք է լինի ինքնիշխանություն ընդգծող, մի տոն, որի շքերթի ժամանակ ըստ ավանդույթի իր ռազմական կարողություններն է ցուցաբերում հայոց բանակը, մի տոն, որի սիմվոլը պետք է լինի Հայաստանի դրոշը: Սակայն օրերս տարածվեցին լուսանկարներ, որտեղ ակնհայտ երեւում էին, որ ռուսական զորքը նույնպես ռուսական դրոշով անցնելու է հրապարակով, որտեղ Հայաստանի խաղաղապահ գունդը չգիտես ինչու պարզում է ԱՄՆ, Գերմանիա եւ այլ երկրների դրոշները:
Եթե ԱՄՆ, Գերմանիա եւ այլ երկրների դրոշների պարզումը ուղղակի անմտության արդյունք է, ապա ռուսական զորքն ու ռուսական դրոշի ներկայությունը Հայաստանում տեւական ժամանակ է ինչ քարոզվում է: Մեր ժողովրդի մի մասը մոռացել է, որ հենց 25 տարի առաջ մենք անկախացանք Ռուսաստանից/ԽՍՀՄ
Տարիներ առաջ Հայաստանը ռուսական ԵԱՏՄ-ին բռնակցելով վտանգի տակ դրեցին Հայաստանի անկախության թույլ հիմքերը եւ օր օրի նոր զիջումներով փորձում են վերջնականապես խալխլեն Հայաստան պետության հիմքերը:
Ուստի մենք` Հայաստանի հանրապետության անկախության արժեքը գնահատող քաղաքացիները, մտահոգվելու, պայքարելու եւ մարդկանց իրազեկելու կարիք ունենք»: