«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի ընթացքում հնչելու են նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ
Культура«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։ Միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին։
Սեպտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ընդհանուր ներկայացրեց գիտաժողով-փառատոնի ընթացքում կայանալիք միջոցառումները։ Նա ասաց, որ արդեն ավանդույթ է դարձելԿոմիտասին նվիրված գիտաժողով-փառատոն կազմակերպելը։ Մշակույթի նախարարության աջակցությամբ անց է կացվելու փառատոնը` արդեն ընդլայնված, միջազգային ձևաչափով, որը ունենալու է գիտաժողովի բաղադրիչ։
«Ներկա են գտնվելու ինչպես հայ կատարողներ, մասնագետներ, այնպես էլ օտարազգի երաժիշտներ՝ Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Լինելու են նաև հինգ երկրներից գիտնականներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Ռուսաստանից և Ֆրանսիայից։ Գիտաժողովը ընթանալու է սեպտեմբերի 27-29-ը։ Բացումը անց է կացվելու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որից հետո կշարունակվի Հաղպատի վանական համալիրում»,- ասաց Կոստանդյանը։
Տնօրենի խոսքը շարունակելով՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, Կոմիտասի միջազգային գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը հավելեց, որ կազմակերպվող այս միջոցառման հիմնական նպատակը Կոմիտասի ժառանգության հանրահռչակումն է։ Փառատոնի ընթացքում հնչելու են հայ այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ ևս, որպես հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի դրսևորումներ։
Գիտաժողովի գեղարվեստական ղեկավարը, եզրափակելով խոսքը, ասաց, որ հույս ունեն, որ ապագայում էլ գիտաժողով-փառատոնը կկարողանա որևէ միջնադարյան մշակույթի արտառոց կամ շատ հետաքրքիր երևույթներ միշտ ունենալ իր շրջագծում, որպես փառատոնի հյուր։
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն առաջին հերթին ուրախություն հայտնեց Կոմիտասի թանգարանի ստեղծման հետ կապված: «Ես եղել եմ թանգարանի ստեղծման ջատագովներից մեկը: Մենք պետք է փայփայենք Կոմիտասին, մեծարենք նրան, քանի որ դա մեր պատիվն է: Կարծում եմ, որ գիտաժողովի ընթացքում պետք է բարձրացնել այդ հարցը։ Ես իհարկե դեմ չեմ մշակումներին, բայց դա պետք է լինի արժեքավոր, Կոմիտասին համապատասխան»,-նկատեց մաեստրոն:
Կոմիտասի թանգարան- ինստիտուտի գործունեությունը լուսաբանելու ու Կոմիտասի արվեստի հանրահռչակման համար «Արմենպրես» լրատվական գործակալությունն, ի դեմ տնօրեն Արամ Անանյանի, պարգևատրվեց «Կոմիտաս» հուշամեդալով: