«Գրեթերթը» տասը տարվա ընթացքում 300 և ավելի ժամանակակից ստեղծագործողների է բացահայտել
Общество«Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթը սեպտեմբերի 23-ին տոնեց իր տասնամյակը և լույս ընծայեց հոբելյանական համարը:
««Գրեթերթի» ձեռքբերումները բազմաթիվ են: Գրական ոլորտում աչքի ընկնող երիտասարդների մեծ մասը մեզ հետ կապ է ունեցել. ոմանք կ այացել են այստեղ: Մենք ճանապարհ ենք տալիս երիտասարդ գրողներին, որ այս դաշտը բաց չմնա, ապրի ժամանակակից գրականությունը»,- նշեց թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:
«Գրեթերթի» նպատակը` գրական դաշտում անկախության սերնդի ներկայացուցիչներին առանձնացնելն ու նրանց զարգացմանը նպաստելն է:
«Թերթը չունի մի համար, որում նոր հեղինակ ներկայացված չլինի: Տարվա ընթացքում ունեցել ենք 42 համար և այդքան էլ նոր հեղինակներ են բացահայտվել: Հոբելյանական համարում երեք ամփոփիչ հոդված կա` նվիրված տասը տարվա ընթացքում թերթում հրապարակված պոեզիային, արձակին, գրականագիտությանը: Ամփոփելով եմ հասկանում մեր կատարած մեծ աշխատանքը»,-ընդգծեց գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
«Գրեթերթի» ծնունդը տոնում էին բազմաթիվ մտավորականներ: Ներկա էին արվեստի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները: Մթնոլորտը ջերմ էր, ոգեշնչող:
«Թերթը տասը տարեկան երեխայի է նման: Այն ցատկահարթակ է դեպի հայ ժամանակակից գրականություն»,-շեշտեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Երիտասարդ գրականագետ Անի Հովնանը չի պատկերացնում, որ որևէ ժամանակահատվածում «Գրեթերթն» իր կյանքում չի եղել:
«Երիտասարդ ստեղծագործողը հայտնվում է մի տարածքում, որտեղ իրեն հավատում են ոչ պատահական մարդիկ, այլ ժամանակի լավագույն արձակագիր Գուրգեն Խանջյանը, ով ասում է.«Դու ունես փոքր կայծ, ես քեզ ստեղծագործելու, խոսելու, գրական ոլորտի ներկայացուցիչների հետ առնչվելու հնարավորություն կընձեռեմ»: Սկզբում թերթում ներկայացել եմ գրականագիտական հոդվածներով, այնուհետև` բանաստեղծություններով»,-ասաց գրականագետը:
Արձակագիր Նառա Վարդանյանը նշեց, որ «Գրեթերթը» ժամանակակից հայ գրականությանն այնպիսի անուններ է տվել, ինչպիսիք են` Արտավազդ Եղիազարյան, Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան և այլք:
«Գրեթերթը» Հայաստանի գրողների միության գրական երիտասարդական ամսաթերրթ է, որը տպագրվում է 2006թ. հուլիսի 1-ից: Պարբերականը փորձում է համախմբել երիտասարդ ստեղծագործողների` արձակագիրներ, թարգմանիչներ, բանաստեղծներ: Տպագրվում է պետական հովանավորչությամբ: «Գրեթերթն» ունի ամենամյա մրցանակ, որը տրվում է թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտի լավագույն ստեղծագործության հեղինակներին: