Իսկ «Իսկանդեր» հրթիռային համակարգը ո՞ր պաշտոնյայի սեփականությունն է
АналитикаԱյն, որ սեփական իշխանություններն իրենք իրենց «տանը» վարձով են ապրում, վաղուց էր հայտնի, բայց դրա մասին հասարակությունըգիտեր ընդամենը շշուկների մակարդակով, քանի որ մինչ օրս հասարակությունից խնամքով թաքցվում էր, թե պետական որ շինության սեփականատերերն ովքեր են, ինչ պայմաններով են դարձել սեփականատերեր, ինչու և այլն:
Եթե կարելի է այս երկրում ամեն ինչ «պետական գերակա շահ» անվան տակ սեփականաշնորհել ու հետոնույն այդ իշխանություններին վարձով տալ, ապա հարց է ծագում, թե ինչու չի կարելի սեփականաշնորհել «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգը կամ այլ զինատեսակներ:
Չի բացառվում, որ մի օր էլ արթնանաք ու իմանանք, որ «Իսկանդեր»-ը շատ այլ «ապրանքների» նման այս կամ այն պաշտոնյայի սեփականությունն է, և երկիրը պաշտպանելու համար պետք է, չգիտես ինչու, բոլորս երկար տարիներ նրան «մուծվենք», որպեսզի հարկ եղած դեպքում նույն այդ սեփականատերը թույլ տա, որպեսզի երկրի անվտանգությունը պաշտպանվի:
Կասեք՝ աբսո՞ւրդ է: Մեծ հաշվով՝ այո՛, բայց դժվար չէ պատկերացնել, որ սեփականաշնորհելու մարմաջով տառապող իշխանությունները մի օր էլ չեն որոշի, որ պետբյուջեի փոսերը լցնելու համար հենցնման քայլի է անհրաժեշտ գնալ, որովհետև դրա պահպանման ծախսերն օգուտից ավելի շատ են և այդ նպատակով հարկավոր է որևէ «ներդրող» գտնել:
Ստացվում է, որ իշխանությունները ժամանակին այնքան անկարող են եղել շենքի տանիքը սեփական ուժերով վերանորոգել կամ նույն շենքը ջեռուցել ու աշխատանքային նորմալ պայմաններ ապահովել, որ որոշել են կարճ ճանապարհով գնալ՝ վաճառել եղածը, հետո երկար տարիներ շենքերի սեփականատերերին տանիքի վերանորոգման ծախսերից մի քանի տասնյակ անգամ ավելի գումարներ վճարել նույն այդ շենքերը օգտագործելու համար, որպեսզի այս արևի տակ գոյատևելու, ինչու չէ, նաև գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան:
Հիմա հարց է ծագում՝ եթե մեր հարազատ իշխանությունները նման տրամաբանությամբ են կառուցել իրենց ու բոլորիս երազած անվտանգ Հայաստանը, ապա ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երկրի ապագան ու գոյությունը հարցականի տակ դնելու և եղածը աճուրդի հանելու համար: Ի՞նչ երաշխիք, որ արդեն սեփականաշնորհված շենք-շինությունների սեփականատերերի մտքով մի օր չի անցնի կոպեկներով գնած գույքը վաճառել, օրինակ՝ օվշորներում գրանցված ադրբեջանական այս կամ այն ընկերությանը, վերցնել գործարքից գոյացած իրենց գումարներն ու գնալ անհայտ մի ուղղությամբ, իսկ երկիրնու ժողովրդին էլ որպես նվերհանձնել թշնամուն:
Փաստորեն, անիրատեսական բյուջե կառուցելով, երկրի տակ ռումբ դնելուց բացի, շատ այլ թաքնված ռումբեր էլ կան տեղադրված մեր երկրի ներսում, որոնք եթե շատ արագ չչեզոքացվեն, ապա ոչ մի երաշխիք, որ դրանք օրերից մի օր չեն պայթի ու ավերակների չեն վերածի իրենց տանը վարձով ապրող իշխանությունների ապահով Հայաստանն իր ողջ հմայքով և բովանդակությամբ:
Արմինե Գրիգորյան