Ոստիկանությունը շարունակում է որոնել Եղիպատրուշ գյուղի բնակիչ 20-ամյա Հրանուշին
ОбществоՈստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հրանուշ Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-73, 0252-2-42-12 և 1-02 հեռախոսահամարներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ են պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել է արջը:
Լուրը, սակայն, հերքել է Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նա նշել է, որ Հրանուշի անհետացման հետ կապված ոչ մի նորություն դեռ չկա:
«Առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիմա էլ ոստիկանությունը զբաղվում են որոնողական աշխատանքներով»,- ասել է գյուղապետը:
Գրիգորյանի խոսքով` աղջիկը իրենց տան պատուհանին երկտող էր թողել:
Փրկարարներն ահազանգը ստանալուն պես իրականացրել են որոնողական աշխատանքներ գյուղին հարակից անտառային տարածքում: Ժամը 13:45-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Դեպքի հանգամանքներից ելնելով՝ որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանության աշխատակիցները: