«Կարճ միացումով» սեփական բիզնեսը ծաղկեցնելու հույսով
АналитикаՀայաստանում առողջապահության ոլորտը վերջապես կառողջանա՞, հերթական անեսթեզիայից կընկնի՞ կոմայի մեջ, թե՞ վերջնականապես կմահանա, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ նորանշանակ նախարարն ամեն ինչ կանի, որ մարդկանց առողջության ապահովագրությունը դառնա իր մինիմում ծրագրի թոփ տասնյակի առաջնային կետերից մեկը, դժվար չէ կռահել:
Վերջին 25 տարիների ընթացքում նույն պաշտոնը զբաղեցրած նախկին նախարարների թվում եղել են նաև այնպիսիք, որոնք մինչ պաշտոնը զբաղեցնելն արդեն ունեցել են սեփական բուժհաստատություններ: Եվ բնական է, որ նրանց օրոք ոլորտում առանձնապես շատ բան չէր էլ կարող փոխվել, քանի որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելով երբեմնի նախարաները իրականում զբաղված էին սեփական բուժհիմնարկի հոգսերը հոգալով, ձեռքի հետ էլ զբաղվում էին ժողովրդին հուզող այս կամ այն հարցով:
Քանի որ այդ տարիներին երկրում զարգացած չէր ապահովագրական համակարգը, ուստի առողջապահության ապահովագրությունը նրանց համար այդպես էլ գայթակղիչ չդարձավ: Հետո, երբ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում երկրում սկսեցին երևալ նաև «առողջապահության ապահովագրություն» ասվածի առաջին ծիլերը և պետական որոշ ծառայողներ սոցփաթեթի շրջանակներում կարողացան լուծել նաև իրենց բուժման ծախսերը, «ապահովագրական համակարգ» ասվածը ինչ-որ տեղ հայտնվեց ոմանց ուշադրության կենտրոնում: Թե ովքեր են եղել այն «երջանիկները», որոնց հաջողվել է ապահովագրական ընկերության վճարած գումարներով բուժվել, պարզ չէ, քանի որ այդ մարդկանց թիվը մինչ օրս խնամքով թաքցվում է թե՛ հասարկությունից, թե՛ լրատվամիջոցներից, ուստի հայտնի չէ, թե այն իրականում հաջողվա՞ծ քայլ էր, թե՞ ոչ:
Հիմա, երբ պարզ է դառնում, որ ներկայիս առողջապահության նորանշանակ նախարարը, նույն ինքը՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը, նույն ինքը՝ «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատերը, ով նախկինում նման փորձ ունեցել է և իրեն պատկանող ընկերությունում ապահովագրելուց հետո մարդկանց ուղղորդել է նաև իրեն պատկանող բուժհաստատություն բուժվելու, ինչո՞ւ չպետք է նախկին փորձը կիրառի՝ այս անգամ արդեն ոչ թե ոլորտի գերատեսչության ղեկավարի հետ լեզու գտնելով, այլ սեփական նախաձեռնությամբ ու պետական մակարդակով:
Հիմա պարզ է, չէ՞, որ բիզնես մտածողություն ունեցող գործարար-նախարարը նախ՝ պետք է իր գրպանի մասին մտածի և դրանից հետո՝ պետության ու ժողովրդի: Ի՞նչ է ստացվում, որ նախարարներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գալիս են պետական պաշտոն զբաղեցնելու, որ կարողանան այն ավելի շահավետ կերպով օգտագործել սեփական բիզնեսը հիմնելու կամ այն պետության հաշվին ծաղկեցնելու համար:
Այս ճանապարհին ժողովուրդը, բազում առողջական խնդիրներ ուսերին շալակած, շարունակում է սպասել, թե առողջապահությունը բիզնեսից երբ է տարաջատվելու, որ ոլորտը զբաղվի ոչ թե մարդկանց կյանքի հաշվին իրենց բիզնես նախագծերը կյանքի կոչելով, այլ իր բուն գործով, որին կոչված է:
Իսկ այն, որ ներկայումս սնկի պես աճած հայտնի ու անհայտ մասնավոր բուժհաստատությունները, լաբորատորիաներն ու դիահեձարանները մոտավորապես աշխատում են լիմոնադի կամ պանրի արտադրության տրամաբանությամբ, գաղտնիք չէ և այս տրամաբանությանը եթե գումարենք ներկայիս նախարարի՝ սեփական ապահովագրական ընկերության գործերը լավացնելու մեծ ցանկությունը, պարզ կդառնա, թե առաջիկայում ինչ նոր «հրաշքի» ականատես կլինենք:
Արմինե Գրիգորյան