Ճապոնիայում Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
КультураՃապոնիայի Օսակա քաղաքի Ազգային ազգաբանության թանգարանում սեպտեմբերի 29-ին բացվեց «Խաչքարերի պատմությունը - Հայկական Խաչը և Քարը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ցուցահանդեսի համադրման աշխատանքներն իրականացվել են Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են փայտե և քարե խաչքարեր, հայկական զարդանախշ ափսեներ՝ Ազգաբանության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև հատուկ բերված Հայաստանից։ Ներկայացված է նաև մեծ մյուռոնաման՝ Հալեպի հայկական եկեղեցուց: Ցուցահանդեսի մաս են կազմում Նորադուզի խաչքարերի չորս կրկնօրինակներ, որոնք ստեղծվել են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի կողմից։
Ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ ձևով պատմում են հայ ժողովրդի և Հայաստանի քրիստոնեական պատմության, հայկական համայնքներում խաչքարի արվեստի ձևավորման, զարգացման ու տարածման մասին:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ազգային Ազգաբանության թանգարանի տնօրեն Կենիչի Սուդոն, սույն թանգարանի պրոֆեսոր Միցուհիրո Շինմենը, Կիոտո Սեյկա Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կունիտո Նագաոկան և թանգարանագետ Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 11-ը: