Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի եւ Լեհաստանի հետ խաղերին
СпортՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՖԱՖ երկրպագուական շարժման կայքը:
Անգլիական ակումբը գրություն է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ Մխիթարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից եւ չի կարող օգնել Հայաստանի հավաքականին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չէր հայտավորվել նաեւ «Սթոք Սիթի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերի 2-ին եւ ավարտվեց 1:1 հաշվով: Այդ հանդիպման նախախաղային ասուլիսում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն մարզվում է թիմի ընդհանուր խմբում: