Ճապոնացի դաշնակահարը և հայ երգչուհին հանդես եկան նույն բեմում
Культура«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբանի և սոպրանո Տաթևիկ Մովսիսյանի համատեղ համերգը:
Դաշնակահարի խոսքով` նա Ճապոնիայում ստեղծած իր ընկերությունում դասընթացներ է կազմակերպում, հրավիրում է հայ ստեղծագործողների Կոմիտասին երիտասարդներին ներկայացնելու, նրա ստեղծագործությունները ճանաչելի դարձնելու համար:
«Սա մեր առաջին համագործակցությունն է: Տիգրան Մանսուրյանի «Երկիր Նաիրին» ենք կատարելու, որը տարիներ առաջ Արաքս Մանսուրյանն է ներկայացրել: Շատ հուզված ենք և սպասումներով լի»,- ասաց սոպրանո Տաթևիկ Մովսեսյանը:
Համերգին ներկա էին հայ երաժշտարվեստի սիրահարներ, որոնք ջերմ ծափողջույններով ընդունեցին ճապոնացի հյուրին և հայազգի երգչուհուն:
Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական ընկերության հիմնադիր և նախագահ Տակաիրո Ակիբանը կատարեց Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գեորգի Սարաջյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: