«Էրեբունի-Երևան 2798»-ի սոցիալական ծրագրով նվերներ ստացան 2798 ընտանիքներ
Общество«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի վերջին` 10-րդ օրը հոկտեմբերի 6-ն էր: Համապատասխան ձևավորմամբ և նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների հետ միասին առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ: Օրվա ընթացքում նվերներ են բաժանվել 274 ընտանիքների:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված էին անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:
Այսպիսով, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի տասն օրերի ընթացքում տոնական նվերներ բաժանվեցին 2798 ընտանիքների»: