Վերջին 5 տարիների ընթացքում 900 հայ ուսանող է դիմել ֆրանսիական բուհեր
ОбществоՀայաստանում Ֆրանսիայի դեսպան ան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ռեկտոր, պարոն Ժան-Մարկ Լավեստը 2016թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել են ՀՖՀ-ի ավելի քան 200 շրջանավարտների:
Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից՝ հավելելով. «ՀՖՀ-ի ստեղծումից՝1995 թվականից ի վեր, սա ՀՖՀ-ի նախկին շրջանավարտների նման մասշտաբի առաջին հավաքույթն է:
ՀՖՀ-ն, որ ֆրանսիական դիպլոմներ է շնորհում իրավաբանություն, ֆինանսներ, կառավարում և մարկեթինգ մասնագիտություններից, այսօրվա դրությամբ ունի 1456 նախկին շրջանավարտ: Այս տարի, բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի բաժիններում գրանցվել է 1100 ուսանող: Աշխատաշուկայում ՀՖՀ-ի շրջանավարտների ներգրավման միջին տոկոսը կազմում է 81,4%: Նախկին շրջանավարտներից շատերն այսօր գրավում են բարձր պաշտոններ Հայաստանի գերատեսչություններում և խոշոր ձեռնարկություններում:
Այս համայնքն էլ հենց կազմում է ՀՖՀ-ի Alumni ցանցը, որն իր անդամներին հնարավորություն է տալիս պահպանել և զարգացնել շփումները և աշխատանքի որոնման կամ կարիերիայի զարգացման համար օգտվել մասնագիտական առաջարկների հնարավորություններից:
Այս նախաձեռնությունն ընդգրկված է «France Alumni»՝ 35 000 անդամ ունեցող համաշխարհային ցանցի շրջանակներում, որն ստեղծվել է 2014 թվականին, Ֆրանսիայի Արտգործնախարարության կողմից և իր կազմում արդեն իսկ ընդգրկում է ինչպես ՀՖՀ-ի բազմաթիվ ուսանողների, այնպես էլ ուրիշ բուհերի նախկին շրջանավարտների, որոնք բարձրագույն կրթություն են ստացել Ֆրանսիայում, մասնավորապես՝ ֆրանսիական կառավարության կրթաթոշակով:
Հայաստանում «France Alumni» հարթակը մեկնարկել է մեկ տարի առաջ՝ 2015թ. հոկտեմբերի 9-ին՝ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի ներկայությամբ :
Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ «France Alumni» ցանցն օգտվում է միայն իր անդամների համար նախատեսված միջոցառումներից՝ հանդիպումներ ձեռնարկությունների հետ, տեղեկատվություն կրթաթոշակների ծրագրերի մասին, հրավեր մշակութային միջոցառումների և այլն:
Օտարերկրացի ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդ երկիրն է: Իսկ հայ ուսանողների թվով՝ Եվրոպայի երկրորդ երկիրը. վերջին 5 տարիների ընթացքում 900 հայ ուսանող գրանցվել են ֆրանսիական բուհեր»: