«Ազատություն» լուսանկարչական փառատոնի մասնակիցները մեդալների արժանացան
КультураԷրեբունի-Երևան ամենամյա տոնակատարությունների շրջանակում «Fiap» միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչությունն Im Yerevan-ի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում ներկայացրեց «Ազատություն» խորագրով միջազգային բացօթյա ցուցահանդես-մրցույթի լուսանկարները:
«Աշխատանքների մի մասը ներկայացվել է Արամ Խաչատրյանի փառատոնի շրջանակում: Այստեղ կախված են 17 երկրից 24 լուսանկարիչների գործեր»,- նշեց «Fiap» միջազգային ֆոտոմիության ներկայացուցիչ, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
Մրցույթում հաղթած լուսանկարիչներն արժանացան մրցանակների. Գագիկ Հարությունյանն իր «Հիշողություն» նկարի համար արժանացավ ոսկե մեդալի: Հակոբ Բերբերյանին «Հայաստանյան Չե Գևարան» լուսանկարի համար ոսկե մեդալ շնորհվեց, իսկ «Մխիթարյանը վտանգավոր է յուրաքանչյուր դիրքում» աշխատանքը նրան արծաթե մեդալ բերեց: «Երկու սերունդ, մեկ ճակատագիր» և «Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը» նկարների համար Բերբերյանին հանձնվեցին բրոնզե մեդալներ:
Երկու կապույտ ժապավենի արժանացան լուսանկարիչներ Գերման Ավագյանն ու Արման Դավթյանը, իսկ մեկ ժապավեն տրվեց Սուրեն Սարգսյանին: «Հոր մահից հետո ծնվածը» լուսանկարի համար Գերման Ավագյանին շնորհվեց բրոնզե մեդալ:
Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի խոսքով` իր ոգեշնչման աղբյուրը բնությունն է, առանց, որի չի պատկերացնում արվեստը:
«Լուսանկարները շատ հետաքրքիր են և յուրահատուկ»,-ասաց լուսանկարիչ Արման Եգանյանը:
Լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանն ընդգծեց, որ օտարերկրացի նկարիչների մրցանակներն անպայման կհասնեն հասցեատերերին:
«Ազատություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների փառատոնին այս տարի մասնակցել է 400 միջազգային և հայաստանյան լուսանկարիչ: Նկարների ժանրը համաշխարհային մասշտաբով թրենդ համարվող «Սթրիթ ֆոտո»-ն է: