Թարգմանչաց տոնը մեծ շուքով և միջոցառումներով նշեցին Օշականում
ОбществоՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոկտեմբերի 8-ին կայացավ Թարգմանչաց տոնի արարողությունը, որին ներկա գտնվելու էին եկել Արարատի, Կոտայքի և այլ մարզերի դպրոցներից միջին դասարանի աշակերտներ: Եկեղեցու բակում նաև միջոցառումներ անցկացվեցին։ Կազմակերպել էին մարզերի աշակերտները։ Երեխաները իրենց խոսքն էին հնչեցնում Թարգմանչաց տոնին նվիրված։
Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը պատմեց, թե ինչ նպատակով են եկել և բացատրեց, թե որն է թարգմանչաց տոնի խորհուրդը. «Տոնը ազգային և եկեղեցական տոն է։ Այստեղ ենք եկել ուխտագնացության և մեր միջոցառումը ներկայացնելու ներկաներին։
Այն ամենափոքր միջոցն էր, որ մենք կարող էինք ներկայացնել։ Իմ կարծիքով այս տոնը կարևոր է, ոչ միայն միջոցառումներով, այլ նաև իր խորհրդով։ Այսօր նույնպես արդիական և կարևոր տոն է թարգմանչաց տոնը։ Տոնը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումը»:

Մեկ այլ աշակերտ՝ Մանե Դավթյանը, ով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի 6-րդ դասարանից էր, ներկայացրեց Թարգմանչաց տոնին նվիրված իրենց միջոցառումը, որի միջոցով ցանկացել են այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա Մեսրոպ Մաշտոցի մասին։
Թարգմանչաց տոնին արդեն ավանդություն դարձած մի արարողություն է իրականացվում, երբ Մատենադարանից Արագածոտնի թեմի քահանան Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի է բերում Շուխոնց ձեռագիր ավետարանը, որպեսզի մարդիկ հաղորդակից լինեն այդ Սուրբ գրքին։

