Շիրակի թեմի առաջնորդը կոչ է անում Գյումրու ավագանու անդամության շեմը հաղթահարած բոլոր ուժերին ընդառաջ գնալ միմյանց
ОбществоՇիրակի թեմի առաջնորդը հուսով է, որ Գյումրու ավագանու անդամության շեմը հաղթահարած բոլոր 4 քաղաքական ուժերը վերջապես կմիավորվեն հանուն քաղաքի շենացման: Այս մասին հոկտեմբերի 10-ին նշեց թեմակալ առաջնորդը՝ ընդունելով և իր օրհությունը տալով արդեն նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին և «Բալասանյան դաշինքի» ցուցակով ընտրված ավագանիներին:
Ընտրական գործընթացից սրբազանը գոհ էր, միակ ցանկությունն ընտրական այն կետերի պարզաբանումն է, որոնց պատճառով որոշակի անհասկանալի իրավիճակ ստեղծվեց: «Անշուշտ, լավ կլիներ, որ օրենքը տարընթերցում չունենար և հասկանալի ու ընդունելի լիներ բոլորի համար: Ցավալի է, որ ավագանու մյուս անդամները չցանկացան մասնակցել ավագանու նիստին: Հուսանք, որ ապագայում ամեն ինչ կխաղաղվի, կրքերը կհանդարտվեն և բոլորը միասին կլծվեն մեր քաղաքի շենացման գործին: Ավագանու մյուս կուսակցություները ևս պետք իրենց ներդրումն ունենան այս գործում, և մեր հորդորն է, որ բ ոլորդ ընդառաջ գնաք իրար, որպեսզի մեր քաղաքում հանգստությունն ու հանդարտությունը վերականգնվի և ոչ թե նոր փոթորիկների դիմագրավելու անհրաժեշտություն ունենաք»,-նշեց սրբազանը՝ կոչ անելով բոլորին հարգել օրենքը, հետո նոր մտածել օրենքի պահանջը փոփոխելու մասին:
«Հակամարտությունից ոչ մեկ չի շահի, բոյկոտը որևէ լավ բանի չի հանգեցնելու, իսկ մեր կենտրոնական իշխանություն էլ դաս կքաղի՝ մտածելու համար, որ օրենքը պետք է կատարյալ և ամբողջական լինի»,-նշեց Միքայել սրբազանը` շնորհավորելով քաղաքապետին՝ փաստելով, որ սա քաղաքը շենացնելու, բարեկարգելու ու ավելի լավը դարձնելու նոր մարտահրավեր է՝ ոչ միայն նոր շենքերով ու շինություններով, այլ նաև բարոյահոգեբանական մթնոլորտով: Թեմակալ առաջնորդը մյուս ավագանիներին էլ մաղթեց, որ հաղթի գործակցության ոգին:
Գյումրու ավագանու կազմը հստակեցվեց հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ի նիստի ժամանակ: Ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվերակությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերծնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԸԸՀ-ի այս որոշումը հաստատվեց ձայների 6 կողմ և 1 դեմ հարաբերությամբ: Որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից և այն կարող է բոոքարկվել 3 օրվա ընթացքում ՝վարչական դատարանում:
Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին բացակայում էին քաղաքական 3 ուժեր` «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», սակայն դա չխանգարեց, որ քվորում ապահովվի և հայտարարվի նոր քաղաքապետի անունը։
Արմենուհի Մխոյան