Հայաստանում հոգեկան առողջության ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում
ОбществоՀայաստանի Հանրապետությունում տարեցտարի ավելանում է հոգեկան առողջության մասնագետների թիվը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:
«Այսօր Հայաստանում հոգեկան առողջության առումով շատ լուրջ քայլեր են կատարվում ամենատարբեր մակարդակներով: Բազմաթիվ հոգեբանական ծառայություններ են ստեղծվել, հիվանդանոցներում ավելացել են հոգեբանական կենտրոնները, հոգեբանների թիվը տարեցտարի աճում է: Դա համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասաց Խուդոյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում հոգեբանին դիմելու մշակույթը նույնպես զարգացում է ապրել:
«Մարդիկ սկսել են հասկանալ հոգեկան խնդիրների լրջությունը և չեն թողնում, որպեսզի խնդիրն ավելի խորանա»,- նշեց հոգեբանը:
Խուդոյանի տեղեկացմամբ՝ մարդիկ հիմնականում դիմում են դեպրեսիայի և տագնապի դեպքերում:
«Իհարկե, տարբեր խնդիրների դեպքում են դիմում հոգեբանին: Դա կլինի միջանձնային խնդիր, թե երեխայի դաստիրակության հետ կապված հարցեր, համապատասխան մասնագիտություն ընտրելու խնդիր և այլն: Սակայն հիմնականում մարդիկ հոգեբանին դիմում են դեպրեսիայի և տագնապի դեպքերում»,- ընդգծեց Խուդոյանը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խնդիր: Առավել տարածված հոգեկան հիվանդություն է համարվում դեպրեսիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020 թ. դեպրեսիան կլինի երկրորդը հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում: ԱՀԿ-ն նաև պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ։