2020 թվականին հոգեկան հիվանդությունները կընդգրկվեն աշխարհում առաջին հինգ հիվանդությունների շարքում
ОбществоՀայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը, ի համեմատ եվրոպական այլ երկրների, փոքր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կա հաշվառված անձանց հստակ թվաքանակ, որը, սակայն, չի ներկայացնում իրական պատկերը:
«Կյանքը ցույց է տալիս, որ սթրեսներով լի մեր առօրյան բերում է ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունների մտահոգիչ աճի: Հատկապես եվրոպական երկրներում ամեն յոթերորդը տառապում է հոգեկան կամ վարքային այս կամ այն խանգարմամբ: Հայաստանում վիճակը համեմատաբար ավելի բարվոք է: Մենք ունենք հաշվառված 51 000 հազար անձ, որոնց առնչվում է մեր ծառայությունը, սակայն որոնցից միայն մոտ 25 հազարի հետ ենք ակտիվ աշխատանք տանում: Իրականում, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձինք ավելի շատ են, պարզապես նրանք հաշվառված չեն, քանի որ չեն դիմում համապատասխան օգնություն ստանալու համար»,- նշեց նա:
Հոգեբույժի խոսքով՝ հասարակության շրջանում մեծ է անտարբերությունը. անգամ խնդրի առկայության դեպքում մարդիկ իրենց հարազատներին, ընկերներին չեն ուղղորդում դիմել համապատասխան մասնագետներին:
«Շատ հաճախ հասարակությունը տուժում է հենց իր իսկ անտարբերության պատճառով: Հասկանալի է, որ ամեն մի ընտանիք ունի իր հոգսերը, բայց չպետք է մոռանալ մերձավորին, պետք է հոգ տանել նրանց մասին»,-ընդգծեց մասնագետը:
Սամվել Թորոսյանը նշեց, որ, ըստ կանխատեսումների, 2020 թվականին հոգեկան հիվանդությունները կարող են ընդգրկված լինել աշխարհում առկա առաջին հինգ հիվանդությունների շարքում:
«Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետք է լինի համապատասխան վերաբերմունք: Նրանք կարիք ունեն բարյացակամ, հանդուրժողական վերաբերմունքի, կարիք ունեն լսվելու եւ հասկացվելու շրջապատի կողմից: Նրանք չպետք է ծաղրուծանակի ենթարկվեն եւ պետք է ընդունվեն որպես հասարակության լիարժեք անդամներ»,- ասաց հոգեբույժը՝ հավելելով, որ ֆրանսիական կազմակերպություններից մեկի հետ համագործակցության շրջանակում առաջիկայում կվերապատրաստվեն հայ մասնագետները:
Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է «Հոգեբանական առաջին օգնություն» կարգախոսով: