«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հաղթանակներն անմահացնող արձանախումբը բացվեց Երևանում
ОбществоՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեցին «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախմբի բացմանը:
«Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում բացված արձանախումբի բացմանը ներկա էին հայկական ֆուտբոլի լեգենդները՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները: «Մենք հավերժացրեցինք «Արարատ 73»-ի հաղթանակները: Սա մեր հաղթանակն է, հպարտությունն է և պատմությունը: Մենք մեզ ավելի հզոր ենք զգում` տեսնելով ձեր հաղթանակները»,-դիմելով ներկաներին` ասաց ՀԱՕԿ նախագահը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, կարևորեց լեգենդար մարզիկներին հիշելն ու մեծարելը. «43 տարի առաջ տոնած հաղթանակը բարձրագույնն է հայկական ֆուտբոլի համար: Այս ամենը կխթանի մատաղ սերնդի ներգրավմանը ֆուտբոլում»:
«Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ: