Վիկտոր Դալլաքյանը որոշել է հավաքած քարերը նետել
АналитикаԵրկար տարիներ պատգամավորական աթոռին սովոր Վիկտոր Դալլաքյանը 2012թ. տանուլ տվեց հարազատ Վանաձորում: Նրա փոխարեն Վանաձորից անկախ պատգամավոր ընտրվեց Էդմոն Մարուքյանը: Դալլաքյանի դժգոհությունը փարատելու համար նախագահ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել էր համալրել ՀՀԿ-ի շարքերը և իր ներկայացուցիչը լինել ՀՀ ԱԺ-ում: Նա համաձայնել էր ու երկար ու ձիգ չորս տարի լռել, որն ինքն անվանում է «քարեր հավաքելու» ժամանակներ:
Այսօր նա որոշել է չորս տարվա ընթացքում հավաքած քարերը նետել, ազատվել իշխանական կապանքներից ու վերադառնալ քաղաքականություն: Ի դեպ, նախկինում նա այն պատգամավորներից էր, որը մշտապես ասելիք ուներ, բացի այդ, իր պատգամավորության ժամանակահատվածում հասցրել էր հեղինակել 83 օրենք:
Թեև բազմափորձ Դալլաքյանը երկար լռելուց հետո որոշել է նման կտրուկ շրջադարձ կատարել, բայց մտավախություն ունի, որ դա կարող է նաև թանկ արժենալ իրեն, ուստի այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ « ….եթե այսուհետ իմ և իմ ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, մեղավոր է Սերժ Սարգսյանը»:
Ասուլիսին նա ներկայացրեց նաև մանրամասներ իր և Սերժ Սարգսյանի հանդիպումների և քննարկումների մասին, բայց թե ինչու այդպես էլ երբեք չհանդիպեցին նախագահի ներկայացուցիչ նշանակվելուց հետո, չկարողացավ ասել:
Երկարամյա լռությունից հետո նա որոշել էր բացահայտել նաև այլ մանրամասներ նույնպես: Մասնավորապես, որ Էդմոն Մարուքյանը մեկ տարուց ավելի Հայստանում չի ապրել և պատգամավորության թեկնածու գրանցվելու ժամանակ նրա մշտական բնակության վայրի մասին փաստաթուղթը չի համապատասխանել իրականությանը: Նա, իհարկե, ՀՀ նախագահի հորդորը լսել է և փորձել արդարությունը վերականգնել, սակայն նրա բողոքը մերժվել է, և Դալլաքյանը անգործ չմնալու համար որոշել է ընդունել նախագահի առաջարկը:
Այսօր, երբ երկրում նոր խմորումներ են սկսվել, փորձառու քաղաքական գործիչը որոշել է նոր կուսակցություն բացել, բայց ինտրիգը չբացելու համար խուսափեց որևէ փակագիծ բացել՝ խոստանալով, որ մինչև նոյեմբերի 1-ը նորից կհանդիպի լրագրողների հետ և այդ ժամանակ կխոսի թե՛ իր կողմից հիմնադրվելիք կուսակցության, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին:
Ստացվում է, որ այս ընթացքում Վ. Դալլաքյանը հասցրել է քարերի բավականին լուրջ պաշար հավաքել, բայց թե դրանք Էդմոն Մարուքյանից ու Սերժ Սարգսյանից բացի ում կողմ է նետելու, պարզ կդառնա առաջիկայում:
Արմինե Գրիգորյան