Հրատապ կուսակցական լյուստրացիա
АналитикаՀայաստանի անկախացումից ի վեր, որքան առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, լյուստրացիան առաջնային կարևորության խնդիր է։ Դեռևս 1990-ականներին Առաջին գումարման Ազգային ժողովում կար նախաձեռնություն՝ սկսել լյուստրացիայի գործընթաց և պարզել ու հրապարակել խորհրդային անվտանգության մարմինների գործակալական ողջ ցանցը։ Այս նախաձեռնությունը տապալվեց և չհասցրեց նաև մտնել ԱԺ օրակարգ գուցե նաև այն պատճառով, որ հենց Ազգային ժողովում կային պատգամավորական մանդատ ստացած գործակալներ։ Լյուստրացիայի անհրաժեշտությունը, սակայն, տարիների ընթացքում չնվազեց և ըստ էության մինչ օրս այն մնում է հրատապ ազգային անվտանգության խնդիր, եթե, իհարկե, հենց Ազգային անվտանգությունը չէ ամենամեծ գործակալական ցանցը։
Վանաձորյան իրադարձություններն իրենց հերթին ցույց տվեցին, որ լյուստրացիա պետք է անեն նաև հայաստանյան քաղաքական կուսակցությունները, քանի որ, եթե ընդունենք, որ Հանրապետականի կամ Հանրապետականի թեկնածուի հետ քաղաքական կուլիսային համաձայնության հետևանք չէին Վանաձորի քվեարկության արդյունքները, այլ 4 անդամի դավաճանության հետևանք, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունն ունի իր ներդրված գործակալները և՛ ԲՀԿ-ում, և՛ ՎՀԿ-ում, և՛ ԼՀԿ-ում։
Որևէ երաշխիք մեծ հաշվով չկա, որ հայաստանյան քաղաքական դաշտի շատ թե քիչ ակտիվություն ցուցաբերող բոլոր կուսակցություններում իշխանությունը չունենա իր գործակալները, ուստի հենց այս տեսանկյունից առավելապես ընդդիմություն հանդես եկող քաղաքական ուժերը հրատապ կերպով պետք է ներքին լյուստացիա կամ այսպես ասած՝ հակահետախուզական քայլեր կատարեն 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Մյուս կողմից՝ հայաստանյան քաղաքական դաշտում գործում են ոչ թե անհատ գործակալներ, այլ հենց իշխանության գործակալ կուսակցություններ, որոնք ուղղակիորեն ստեղծվել են հասարակական մանիպուլյացիաների ու ընդդիմության խեղման համար, ինչը և կատարվեց և՛ 2012-ին, և՛ դրան նախորդած խորհրդարանական ընտրություններին և՛ անշուշտ 2008 թվականի նախագահական ընտրություններին։
Աղասի Մարգարյան
PressМedia.am վերլուծաբան