Դատապարտյալը սուտ մատնություն է կատարել. հարուցվել է քրեական գործ
ОбществоՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սմբատ Կարա-Պողոսյանը, ծանոթանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կազմված, անձնական խուզարկությամբ իր մոտ դեղահաբեր հայտնաբերելու, դրանք զննելու եւ դեղահաբերը քրեակատարողական հիմնարկի ծառայողից ձեռք բերելու վերաբերյալ իր անունից տրված հաղորդման եւ բացատրության արձանագրություններին՝ հաղորդում է տվել այն մասին, որ այդ փաստաթղթերը կեղծ են եւ դրանցում առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ս. Կարա-Պողոսյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:
Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սմբատ Կարա-Պողոսյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:
Այս կերպ՝ Ս. Կարա-Պողոսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: