Վարչապետի նոր կաբինետում, անձերից բացի, ուրիշ ոչինչ դեռ չի փոխվել
АналитикаԱմեն անգամ կառավարության ղեկավարի փոփոխությունն ուղեկցվում է գերատեսչությունների ղեկավարների, նրանց տեղակալների ու նախարարությունների անվանափոխմամբ ու դրանց միացնել-բաժանելով: Թվում է, թե հենց դա է այն սպասված փոփոխությունը, որին երկար սպասում է հասարակությունը և որից էլ հենց կախված է գործադիր մարմնի «արդյունավետ» աշխատանքը: Բայց իրականում նրանք իրար հաջորդում են, փոխվում են անձերը, բայց պահպանվում է նույն աշխատաոճը՝ արարողակարգային հանդիպումներ այս կամ այն միջազգային դոնոր կազմակերպությունների ղեկավարների հետ, գործուղումներ, քննարկումներ, ոչինչ չփոխող խորհդակցություններ և այլն:
Բավական է գերատեսչությունների պաշտոնական կայքերով «շրջել»՝ հասկանալու համար, որ իրականում բոլոր նորանշանակ նախարաներն ու այլ պաշտոնատար անձինք, որոնց դեռ հաջողվել է պահպանել դիրքերը, ամենաշատը զբաղված են ոչ թե իրենց ոլորտներում առկա թերությունները շտկելով, այլ ոլորտի գերազանցիկը երևալու համար իրենց հանդիպումների մասին անիմաստ տեղեկություններ ներկայացնելով: Դրանից բացի, որևէ գործնական քայլի մասին տեղեկություն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չկա:
Անձերի փոփոխությունները պետք է, որ ոլորտի գործունեության տրամաբանությունը փոխեին, որը շղթայական ռեակցիա կառաջացներ տվյալ ոլորտում, բայց, ինչպես երևում է, անձերը փոխվում են, իսկ կյանքը մնում է նույնը: Իրականում հասարակությանն այնքան էլ չի հետաքրքրում, թե նախարարի աթոռին երեկ ով էր նստած, իսկ այսօր՝ ով, կամ գերատեսչությունների ղեկավարները քանի ժամ ում հետ ինչ են խոսել կամ այդ «քննարկման» ժամանակ սո՞ւրճ են խմել, թե՞ թեյ և այն էկոլոգիապես մաքո՞ւր էր, թե՞ ոչ:
Հասարակությանն այլ բան է հետաքրքրում, օրինակ՝ ովքե՞ր են «մանր գողությամբ» զբաղվել, դրա հետևանքով ինչքան վնաս են հասցրել պետբյուջեին, ինչ քայլեր են իրականացվելու դրանք վերադարձնելու համար և այլն: Հասարակության հետ մաքսիմալ բաց և թափանցիկ աշխատել ասվածը սա է, ոչ թե այն, ինչ ունենք: Օրինակ՝ պաշտոնական կայքերից հնարավոր չէ հասկանալ, թե ինչու են իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվում փոխնախարարները կամ գերատեսչությունների վարչությունների պետերը և այդ փոփոխությունները թերացումների՞, թե՞ նորանշանակ նախարարների ճաշակի հետևանք են:
Շուտով կլրանա կառավարության նոր ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ ամիսը, բայց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կուլիսային վերադասավորումներից այն կողմ դեռ ոչինչ պարզ չէ: Տպավորությունն այնպիսին է, որ նորանշանակ վարչապետի դրայվը միայն անձերի փոփոխությանը հերիքեց, քանի որ կառավարության նիստերը նույնպես սկսվում և ավարտվում են նույն ոճով, ինչպես նախկինում:
Ստացվում է, որ վարչապետները գալիս են ու գնում, բայց իրավիճակը փոխել ոչ ոքի չի հաջողվում, ընդամենը փոխվում են նախարարների դեմքերն ու նրանց մերձավորների «բանակները», իսկ մնացյալը նույնն է, ինչպես 20 տարի առաջ, ինպես 10 տարի առաջ և այդպես շարունակ:
Արմինե Գրիգորյան