Վիգեն Սարգսյանը լիահույս է, որ է ArmHitec-2016-ը կնպաստի ռազմատեխնիկական ոլորտում միջազգային կապերի խորացմանը
ОбществоԵրևանում մեկնարկել է ArmHitec-2016 զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող կազմակերպություններ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից և այլն:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ցուցահանդեսի բացման արարողությանը իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորեց ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ազգային պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ: «Նման ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Այն միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և միջազգային կապերի ընդլայնմանը: Այդ պատճառով այս միջոցառումը հատուկ ուշադրության է արժանացել հանրապետության ղեկավա րության, ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների, լայն հասարակության կողմից: Ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած և մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության և ռազմական տեխնիկայի կողքին պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ դիրքեր են զբաղեցնում նորարար մշակումները, որոնք թույլ են տալիս նորովի լուծել զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, փոխել մարտական գործողությունների վարման ձևերը, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ArmHitec-2016 ցուցահանդեսն ունի բոլոր հնարավորությունները զինված ուժերի զարգացման համար առաջադեմ գաղափարների քննարկման հեղինակավոր հարթակի վերածվելու, արդյունաբերական այս ճյուղերի զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումը խթանելու համար: «Ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիաների լուծումների վրա: Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբեռնետիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունենք բավարար ներուժ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումներ կիրառելու և ներդրումային բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ցուցահանդեսը կնպաստի նաև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը և ցուցահանդեսին մասնակցող պետությունների ռազմական ներուժի զարգացմանը:
Նախարարը հավելեց, որ Հայաստանի ռազմաարդյունաբերությունն ունի համապատասխան մասշտաբով նորարարություն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ դառնալու բոլոր հնարավորությունները: Այդ համատեքստում նախարարը բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին, հայրենական և միջազգային բուհերի առաջատար ուսանողներին կոչ արեց ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակներն ուրվագծելու համար: