Փոխնախարարն ապատեղեկատվություն է համարում Հալեպից հեռանալ ցանկացող 600 սիրիահայերի մասին լուրը
ОбществоԱպատեղեկատվություն է այն հայտարարությունը, թե 600 սիրիահայ ցանկանում են դուրս գալ Հալեպից, սակայն միջոցներ չունեն: Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով՝ «Հալեպ» հայրենակցական միության կողմից արված այդ հայտարարությանն արձագանքել են բարերաներ, սակայն չկա այդ 600 հոգին, որ տեղափոխեն:
«Այդ հայտարարությունից հետո մենք դիմել ենք «Հալեպ» հայրենակցական միությանը, որպեսզի մեզ տրամադրեն կոնկրետ անուններ, սակայն արդեն յոթ օր է մեզ ցուցակ չեն տալիս: Եթե նման մարդիկ կան, ապա ինչո՞ւ են թաքցնում: Իրականում փաստ չկա, որ 600 հոգանոց սիրիահայերի ցուցակ գոյություն ունի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով՝ Հալեպում ազգային մարմինները, հյուպատոսությունը բավական համակարգված են աշխատում: Եթե լինում են հայեր, ովքեր ցանկանում են դուրս գալ և չունեն միջոցներ, դիմում են ազգային մարմիններին, տեղափոխումը կազմակերպվում է : Նրա փոխանցմամբ՝ տեղափոխումն իրականացվում է թե պետական, թե բարեգործական կազմակերպությունների հաշվին:
«Աժիոտաժ է ստեղծվել, թե ամբողջ հալեպահայությունը ցանկանում է դուրս գալ և ճար ու հնար չունի: Դա իրականությունից շատ է հեռու է: Նախ զանգվածային հոսք չկա, երկրորդը` չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա համապատասխան օգնություն: Նրանք, ովքեր իրենց գրպանից վճարում են, չեն էլ դիմում, իսկ նրանք, ովքեր չունեն, դիմում են և օգնություն են ստանում, կարողանում ենք հայթայթել և՛ տոմսերը, և՛ միջոցները, որ բերենք»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը: