ՀՀ վարչապետը Բրազիլիայի գյուղնախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն հոկտեմբերի 13-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին կնպաստի նաև 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորա գրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ:
Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ: