Նախարար Կարայանը և Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ЭкономикаՀՀ տնտեսական զարգացմանև ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` նախարար Կարայանը համառոտ ներկայացրել է նախարարության գործունեությունը, անդրադարձել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներին, որոնք, նախարարի խոսքով, ներկայում ցածր են, սակայն կա ներուժ և անհրաժեշտություն դրանք նոր մակարդակի հասցնելու համար:
Շավկաթ Բոբոզոդան Տաջիկստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետություն հրավերի և հյուընկալության համար:
Ներկայացնելով Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքը` նախարար Բոբոզոդան անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը և այդ աշխատանքներին թափ հաղորդելու համար` աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ուղղություններով փոխգործակցության իրականացմանը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են արտահանման և ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների խնդիրներին, Հայաստանի հնարավորությունները դեպի ԵՄ և Իրանի շուկաներ օգտագործելու, հայկական արտադրանքը Տաջիկստան և ասիական շուկաներ արտահանելու հարցերին:
Նույն օրը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան։
Հաշվի առնելով հայ-տաջիկական երկկողմ առևտրի, տնտեսական հարաբերությունների և սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնական քայլեր մշակել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, առևտրային խոչընդոտների վերացման և մի շարք այլ հարցերում:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և Տաջիկաստանի Հանրապետության արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Շավկաթ Բոբոզոդան այցելել են թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես տեքստիլ արտադրության և գորգագործական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս գործունեությանն ու քննարկել այդ ոլորտներում փոխշահավետ գործացկության հնարավորությունները։