Ռուսական ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ
ОбществоՌուսական «Արմոկոմ» ընկերությունը հայկական բանակի համար առաջարկում է ժամանակակից զրահաբաճկոններ և պաշտպանիչ սաղավարտներ: Ընկերության ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող ArmHitec-2016 սպառազինության և զենքի միջազգային ցուցահանդեսին:
Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Կոնեչկովը նշեց, որ իրենք զբաղվում են զրահաբաճկոնների և պաշտպանիչ սաղավարտների արտադրությամբ:
«Մենք ոչ միայն արտադրությամբ ենք զբաղվում, այլ նաև նախագծում ենք մեր արտադրանքը: Մասնակցում ենք այս ցուցահանդեսին, որպեսզի Հայաստանին ներկայացնենք մեր արտադրանքը և անհրաժեշտության դեպքում մատակարարում իրականացնենք բանակի համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հայկական կողմին կարող են հետաքրքրել իրենց արտադրած ժամանակակից զրահաբաճկոնները, որոնք մաքսիմալ պաշտպանվածություն են ապահովում և շատ հարմար են տեղաշարժվելու համար:
«Արտադրում ենք ժամանակակից զրահասաղավարտներ, որոնք կարող ենք ասել, որ լավագույններից են ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում»,- հավելեց Կոնեչկովը:
Նա ընդգծեց, որ ընկերությունը հաջողությամբ համագործակցում է այլ երկրների հետ: