Փաստորեն, «մանր գողությունը» չէր վերաբերում բջջային հեռախոսին
АналитикаՎարչապետ Կարեն Կարապետյանի՝ «մանր գողություններին վերջ տալու» հորդորը որոշ գերատեսչությունների ներկայացուցիչների մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու մարմաջ է արթնացրել: Ավելին, նրանք վարչապետի հորդոր-հանձնարարականն այնքան ուղիղ են հասկացել, որ այն դարձել է անչափ ծիծաղելի:
Խնդիրն այն է, որ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության ղեկավարին «խնդրել է» թույլատրել իրենց գերատեսչության մեկ այլ փոխնախարարի համար բջջային հեռախոս գնել: Հարցից հետո Կարեն Կարապետյանը քմծիծաղով հարցրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, թե «…. ո՞նց անենք, որ նման հարցերը մեր օրակարգից հանենք»:
Վարչապետն ասել է նաև, որ այս և նման հարցերը պետք է ընդհանրապես նույնիսկ կոմիտեում էլ չքննարկվեն: Բայց հարց է ծագում, թե ինչու է հանկարծ հարգարժան Դ. Հարությունյանը որոշել նման մանր հարցը ներառել կառավարության նիստում: Չէ՞ որ նախկինում ո՛չ գերատեսչությունների համար գնվող բջջային հեռախոսների, ո՛չ էլ դրանց դիմաց պետբյուջեից վճարված գումարների մասին երբևէ չի իրազեկվել ո՛չ հասարակությանը, ո՛չ կառավարությանը:
Իհարկե, հասկանալի է, որ այս և նմանապիպ այլ հարցերի հետևում են թաքնված վարչապետի ասած «մանր գողությունները», որոնք հիմնականում վերաբերում են գերատեսչությունների կողմից կատարած ծախսերին: Դրանք, սկսած զուգարանի թղթից և ավարտված մինչև մատիտ ու գրիչ, այնքան մեծ գումարների կարող էին հասնել, որ տարեկան թվերի համապատկերից հարց էր ծագում, թե հնարավո՞ր է արդյոք աշխատանքային ժամերին այդքան զուգարանի թուղթ, օճառ օգտագործել կամ այդքան մատիտ գնել այս տեխնոլոգիական դարում:
Ծիծաղելին այն էր նաև, որ կառավարության հին գվարդիայի ներկայացուցիչները, ովքեր մինչ այս բավական ճկուն կերպով դրանց մասին լռել են, հիմա, երբ ամենայն հավանականությամբ, այնքան շատ են ուզում «ազնիվ» պաշտոնյա խաղալ կամ գոնե նման տպավորություն ստեղծել, որ որոշել են նույնիսկ նման հարցերը բաց և թափանցիկ ներկայացնել:
Այն, որ գերատեսչությունների լարով ու անլար հեռախոսների, կապի միջոցների հերցերի ու մեգահերցերի հետևում մեծ թվեր կան թաքնված, շատերի համար գաղտնիք չէ, և լավ կլիներ, որ նորանշանակ վարչապետը նաև նման հարցերի հրապարակավ անդրադառնար, որտեղից էլ պարզ կլիներ, թե իրականում այդ մանր գողությունների հետևում պետական բյուջեի գումարների ինչ քանակությամբ լվացումներ են իրականացվել:
Արմինե Գրիգորյան