ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսն արժանացավ միջազգային հավատարմագրի
ОбществоՀայաստանի ազգային ագրարային համալսարանը Գերմանիայի Վայնհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի կողմից արժանացավ հավատարմագրի:
Ինչպես տեղեկացնում է ՀԱԱՀ-ի արտաքին կապերի դեպարտամենտը, հոկտեմբերի 14-ին Ագրարային համալսարանում հանդիսավոր արարողությամբ բուհին շնորհվեց հավատարմագրման հավաստագիր, որը բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին հանձնեց Գերմանիայի Վայխհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային ցանցի համակարգող դոկտոր պրոֆեսոր Յոհաննես Հոլցները:
«Մենք համագործակցել ենք վաթսունից ավել բուհերի հետ, որոնցից հավատարմագրման գործընթացին մասնակցել են 13-ը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցող բուհերի շարքում լավագույններից է, որը մշտապես նոր մտքեր ու գաղափարներ է ներկայացնում և իրականացնում»,- իր խոսքում նշեց Յոհաննես Հոլցները՝ հավելելով որ, Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության հաջորդ քայլը պետք է լինի կրկնակի դիպլոմ տալու գործընթացը:
Կարևորելով միջազգային հավատարմագրումը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ այս հավատարմագրումը թե՛ շրջանավարտների. թե՛ համալսարանի համար աշխարհում ավելի մրցունակ լինելու հիանալի հնարավորություն է:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, փոխնախագահ Լևոն Սարգսյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնա դրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Վայհենշտեֆանի համալսարանի միազգային համագործակցության համակարգող, Ագրարային համալսարանի շրջանավարտ Արամ Արիստակեսյանը և այլ հյուրեր:
Հանդիպման ժամանակ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին շնորհվեց ՀԱԱՀ դիպլոմ և Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հավաստագիր:
Արդեն տասնյոթ տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ:
Տասնյոթամյա գործունեության ընթացքում «Ագրարային մենեջմենթ» ծրագրի շրջանակներում Ագրարային համալսարանի մոտ 65 շրջանավարտ շարունակեց ուսումը Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում, իսկ 104 ուսանող գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցավ Գերմանիայում: