Նիկիտա Իսաեւը զբոսաշրջությունը համարում է Հայաստանի տնտեսության ամենաբեկումնային ճյուղերից մեկը
ЭкономикаՀայաստանը զբոսաշրջության ոլորտի զարգացման համար ահռելի մեծ ներուժ ունի եւ չպետք է հետ մնա հարեւաններից:
Նման տեսակետ հայտնեց «Արդի էկոնոմիկայի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Նիկիտա Իսաևը, ով նույնպես մասնակցում էր Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովին:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության համար զբոսաշրջությունը կարող է դառնալ ամենաբեկումնային ճյուղերից մեկը:
«Ակնհայտ է, որ հայաստանյան ներգնա տուրիզմը թերագնահատված է, եւ երկիրն ունի աճի մեծ թվով կետեր: Թեկուզ եթե մենք համեմատենք այն Վրաստանի հետ, որը տարեկան ընդունում է 5.5 մլն զբոսաշրջիկների, որոնցից 1 մլն 200 հազարը ռուսներ են, Հայաստանում ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 200 հազար, որից կես միլիոնն են ռուս զբոսաշրջիկները: Միայն այս թվերը խոսում են այն մասին, որ աճի մեծ ներուժ կա:
Հայաստանի համար, որն աճի կետեր է փնտրում ընդհանուր առմամբ տնտեսության համար, զբոսաշրջությունը կարող է լինել ամենահեռանկարային ճյուղերից մեկը»,- ասաց նա:
Նիկիտա Իսաեւը նշեց, որ, բնականաբար, ոլորտում կան տարբեր բնույթի խնդիրներ, որոնց ուղղությամբ է լինելու հետագա աշխատանքը:
«Առաջինն ադմինիստրատիվ բնույթի խնդիրներ են, որոնք առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին Հայաստան ներքին անձնագրերով այցելելու հնարավորությանը: Երկրորդն առնչվում է ընդհանուր լոգիստիկային, մասնավորապես՝ թռիչքների սակագների նվազեցմանը, որի համար անհրաժեշտ է պետական դոտացիա:
Մյուս կարեւոր խնդիրը տեղեկատվական է, Հայաստանի մասին տեղեկատվության բացակայությունն է եւ՛ Ռուսաստանում, եւ՛ ԵԱՏՄ երկրների տարածքում:
Եթե կարողանանք գոնե այս երեք հարցերը բարձրացնել միջպետական մակարդակում, մասնավոր սեկտորի, տուրիստական ընկերությունների շրջանում, ապա գործը առաջ կգնա, իսկ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կարող է եկամուտներ բերել բավականին արագ տեմպերով»,- ընդգծեց Նիկիտա Իսաեւը:
Մեր այն հարցին, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է օգտագործվեն այս հարցերը նշված մակարդակում առաջադրելու համար, նա պատասխանեց.
«Առաջին հերթին անհրաժեշտ է օգտվել այն ինտեգրացիոն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, անհրաժեշտ է զբոսաշրջության հարցը դնել տարբեր ձեւաչափերում՝ միջկառավարական, միջխորհրդարանական: Եթե հնարավոր լինի դա անել, ապա դա Հայաստանի համար մեծ հաջողություն կլինի»,-եզրափակեց քաղաքագետը: