Այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 70 տոկոսով. Վոլովայա
Экономика2016թ-ի առաջին յոթ ամիսներին ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 70 տոկոսով:
Նման հայտարարությամբ Եվրասիական համագործակցության առաջին միջազգային ֆորումի ընթացքում հանդես է եկել ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար, Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ Տատյանա Վոլովայան` հավելելով, որ դա տեղի է ունենում երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության կրճատման ֆոնին:
Նա շեշտել է, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տալիս բավականին դրական դինամիկա:
«Դրանք ավելի դրական են, քան միությունում միջին ցուցանիշները: Օրինակ` Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 2.8 տոկոս, ինչը նշանակալիորեն բարձր է, քան միության միջինը: Արդյունաբերական արտադրանքի աճն առաջին յոթ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 8 տոկոս»,- նշել է Վոլովայան:
Կոլեգիայի անդամ, նախարարի կարծիքով` ԵԱՏՄ անդամ երկրներ ուղղվող արտահանման ծավալների աճը համընկնում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի աճի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիայից բիզնեսի ունեցած սպասումների իրականացման հետ: Սակայն, նրա կարծիքով, դեռևս պահպանվում են արգելքներ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք պետք է վերացվեն:
Անդրադառնալով աշխատուժի տեղաշարժի ազատության խնդիրներին` Վոլովայան նշել է, որ միության տարածքում այդ դրույթն արդեն գրեթե լիովին իրականություն է: «Սա շատ կարևոր թեմա է Հայաստանի քաղաքացիների համար: ԵԱՏՄ-ին միանալու շնորհիվ երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն Եվրասիական տնտեսական միությունում աշխատել առանց որևէ խտրականության` նույն պայմաններով, ինչ տեղի բնակիչները»,- նշել է ԵԱՏՄ պաշտոնյան:
Ֆորումի օրակարգում են նաև եվրասիական տարածքում ինչպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի, այնպես էլ անդամ երկրների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը: