Գվարդիոլա. Մտադիր չեմ փոխել խաղաոճս, կարողանում եմ խաղալ միայն այսպես
СпортSport.news.am-ը գրում է
«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Էվերտոնի» հետ ոչ ոքի (1:1) խաղալուց հետո հայատարարել է, որ չի պատրաստվում փոխել խաղաոճը:
«Ցանկանում եմ շնորհավորել «Էվերտոնին» գերազանց պաշտպանության կապակցությամբ: Բայց մեր խաղացողներն արժանի էին հաղթանակի: Ես մտադիր չեմ փոխել թիմի խաղաոճը: Ես կարողանում եմ խաղալ միայն այսպես, եւ իմ թիմերը եւս համապատասխանում են իմ պատկերացումներին: Իհարկե, աշխատանքի ընթացքում ի հայտ են գալիս թույլ տեղեր, որոնք անհրաժեշտ են վերացնել: Բայց «Սելթիկի» եւ «Տոտենհեմի» հետ ոչ բավարար արդյունքներից հետո մենք ավելի լավ խաղացինք:
Երկու անգամ չխփեցինք 11 մետրանոցից: Ես չունեմ աշխատելու այնքան ժամանակ, որքան կցանկանայի: Այո, կարելի է մարզումների ժամանակ ավելի շատ փորձել 11 մետրանոցներ, բայց դա չէ գլխավորը: Կրիտիկական պահերին 11 մետրանոցները միշտ նույնն են:
Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք հաղթանակի համար, բայց չկարողացանք իրացնել դրանք: «Էվերտոնն» ուներ մեկ շանս եւ օգտագործեց այն: Վհատվել մենք չենք կարող, քանի որ պատրաստվում ենք մեկնել Բարսելոնա:
Ես պետք է օգնեմ խաղացողներին հավատալ սեփական ուժերին: Մենք կվերլուծենք այս ոչ ոքին: Թիմում միայն պրոֆեսիոնալներ են, կհաղթահարենք: Ամբողջ կարիերայիս ընթացքում գործ եմ ունեցել հարձակողական ոճի թիմերի հետ:
Կարծում եմ՝ «Բարսելոնան» կձգտի գնդակ պահել: Ես հավանում եմ նրանց խաղը: Կատալոնացիներն ունեն մի քանի հրաշալի հարձակվողներ եւ ուժեղ թիմ: Այդ պատճառով էլ մի քանի տարի շարունակ «Բարսելոնան» հասնում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոններին: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: