Գեղարքունիքում փրկարարները նոր ահազանգեր են ստացել
ОбществоՀՀ ԱԻՆԳեղարքունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները ստացել են հերթական ահազանգերը եւ գնացել կանչերի հետքերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական ծառայության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, 1 բեռնատար մեքենա այսօր առավոտյան արգելափակվել է Գավառ քաղաքից արեւմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան ստորոտում՝ յայլաղատեղից անասնապահների քոչը տեղափոխելիս: Հաջորդ ահազանգը հնչել է Ներքին Գետաշեն գյուղից, որտեղ հսկա ընկուզենու ճյուղը ձյան ծանրությունից կոտրվել եւ ընկել է տան տանիքի վրա: Երրորդ ահազանգը ստացվել է Սոթք-Քարվաճառ ճանապարհի հատվածից, որտեղ կցորդիչով հսկա բեռնատարը սահել է ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ողջ երկայնքով փակել ճանապարհը՝ անանցանելի վիճակ ստեղծելով մյուս մեքենաների համար: Նույն աղբյուրի համաձայն՝ հոկտեմբերի 18-ի կեսօրվա դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենյաց լեռնանցքը, Սեւան-Դիլիջան թունելային ճանապարհից դեպի Դիլիջան տանող ճանապարհը: Առատ ձյունն այս պահին շարունակում է տեղալ Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ: