Ինչ սպասել կառավարության ծրագրից
ЭкономикаԱռաջիկա օրերին կառավարությունը Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը, ինչը հնարավորություն կտա պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ուղղությամբ է պատրաստվում տանել Հայաստանի տնտեսությունը Կ.Կարապետյանի գլխավորած կառավարությունը։
Մինչ այդ, կառավարության գործունեության ծրագրի հետ կապված որոշակի սպասումներ են ձեւավորել. Հասարակությունն ու քաղաքական դաշտը անհամբեր սպասում է կառավարության ծրագրի հրապարակմանը։ Եվ դա հասկանալի է, եթե հաշվի առնենք տնտեսության, ինչպես նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ վարչապետի բավական կտրուկ հայտարարությունները։
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարության ծրագիրը, մի բան փաստ է, որ դրա արդյունավետությունը մեծապես կախված է լինելու հասարակական վստահությունից, առավել եւս, մասնակցությունից։
Դատելով վարչապետի հայտարարություններից` ծրագրի առանցքում լինելու է պետական ֆինանսական միջոցների իրացման արդյունավետության բարձրացումը, տնտեսության ներդրումային հնարավորությունների ավելացումը եւ պետական կառավարման համակարգի կառուցվածքի օպտմալացումը։
Ինչպես հայտնի է, կառավարությունն արդեն հայտարարել է տարբեր ծրագրերի իրականացման գրասենյակներից եւ բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից հրաժարվելու մասին։ ԾԻԳ-երի փոխարեն նախատեսվում է պետական գնումներն իրականացնել մեկ մասնագիտացված կառույցի եւ ընդհանուր հարթակի միջոցով։
Գնումների կենտրոնացումը կարող է էապես ավելացնել պետական միջոցների իրացման արդյունավետությունը եւ բերել ծախսերի զգալի կրճատման։ Սա այն ոլորտն է, որի նկատմամբ հասարակական վստահությունը բավականաչափ ցածր է։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետական միջոցների շրջանակներում իրականացվող գնումների ընթացքում հաճախ ձեւավորվում են այնպիսի գներ, որոնք էապես բարձր են շուկայականից, բացահայտվում են աղաղակող չարաշահումներ եւ թերություններ։
Կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների ոլորտում բավական շատ են։ Դրանք շարունակում են պահպանվել նույնիսկ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումինց հետո։
Սա խնդիր է, որին կառավարությունը մտադիր է լուրջ ուշադրություն դարձնել։
Պետական միջոցների իրացման արդյունավատությունը բարձրացնելուց բացի, կառավարությունը պետք է հակված լինի ձեւավորելու կառավարման մոբիլ համակարգ, ինչը ենթադրում է բազմաթիվ աննպատակ կամ ցածր արդյունավետության ծախսերի կրճատում։
Երրորդ կարեւոր ուղղությունն անշուշտ տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձեւավորում է։ Մի բան, ինչը կարող է դառնալ ներողների շրջանում վստահության բարձրացման հիմքը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ստեղծումը թերեւս հատուկ ազդակ էր ներդրողների համար։ Պետք է մտածել ինչպես ներդրումների ներգրավման ու խթանման, այնպես էլ պաշտպանության մասին։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ