Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը հատուկ մրցանակի է արժանացել վոկալիսների միջազգային մրցույթում
КультураՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի անդամ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը սեպտեմբերի 19-26-ը Ուֆայում (Բաշկորտոստան, ՌԴ) մասնակցել է Ֆ. Շալյապինի անվան վոկալիստների միջազգային առաջին մրցույթին՝ արժանանալով դիպլոմի և Իրկին Գաբիտովի անվան հատուկ մրցանակի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երիտասարդական օպերային երգիչների ծրագիրը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը երիտասարդ մեներգիչների բազմակողմանի պատրաստումն ու կատարելագործումն է վոկալ արվեստում:
Երիտասարդ օպերային երգիչները վոկալի և բեմական շարժուձևի մեջ հմտանալուն զուգահեռ սովորում են «օպերային լեզուներ»՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում մասնակցելու թատրոնի խաղացանկային ներկայացումներին, ինչպես նաև տարբեր համերգային ծրագրերի, արդյունքում` ձեռք բերելով բեմական փորձ: Ծրագրին ներկայումս մասնակցում են 10 երիտասարդ վոկալիստներ: Ծրագիրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը»: