Առողջապահության նախարարը ընդունել է Գերմանիայի դեսպանին
ОбществоՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին։ Կարևորելով առողջապահության ոլորտի զարգացումը` դեսպանը ցանկություն է հայտնել ծանոթանալու այս ոլորտում նախատեսվող մոտեցումներին և առաջիկա ծրագրերին։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Լևոն Ալթունյանը նախ ներկայացրել է 2017 թվականին բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման այն մեխանիզմները, որոնք նվազագույնի կհասցնեն կոռուպցիոն ռիսկերը։ Նույն ձևաչափը կկիրառվի նաև պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի բաշխման ժամանակ։
Նախարարն առանձնացրել է նաև համակարգում ներդրվող ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման հարցը` ներկայացնելով այս ուղղությամբ առաջիկա ծրագրերն ու քայլերը։
«Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է»,- նշել է Լևոն Ալթունյանը` հայտնելով, որ այս ուղղությամբ ուսումնասիրվում է Ֆինլանդիայի փորձը, որտեղ 25 տարում կարողացել են 4,5 անգամ նվազեցնել մահացության ցուցանիշը` պայմանավորված սրտանոթային, ուռուցքային հիվանդություններով, շաքարային դիաբետով և ոչ վարակիչ այլ հիվանդություններով։
Դեսպանը նշել է, որ նախարարի ներկայացրած ծրագրերն ու դրանց իրականացման համար ընտրված ճանապարհները համահունչ են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացվող քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ապա այդ ուղղությամբ իր երկիրը ևս կարող է օգտվել Ֆինլանդիայի հարուստ փորձից։
Մաթիաս Քիսլերը հաջողություններ է մաղթել նախարարին և կառավարությանը հավակնոտ ծրագրերի իրականացման գործում։