Ստանդարտ գործիքակազմով զարգացում ապահովելը բարդ է. Կառավարությունը գործելու է նպատակադրված ուղղություններով
ЭкономикаՏնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, իրականացնել լրացուցիչ կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ։
Ինչպես փոխանցում է e-gov.am-ը, այդ մասին նշված է գործադիրի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի հավելվածում:
Ըստ այդմ, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով պլանավորվում է ձևավորել ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները։
Ըստ գործադիրի, ՀՀ մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ «Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։
Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակությա ն վերաբերյալ»,- նշված է կառավարության ծրագրում։
Կառավարությունը գործելու է՝ նպատակադրված իրականացնելով հետևյալ ռազմավարական խնդիրները՝ ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովում, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործում, ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացում, կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում, աղքատության դեմ պայքար և միջին խավի ընդլայնում, գործազրկության կրճատում, սոցիալական արդարության հաստատում և այլն:
ՀՀ քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝ արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, տնտեսության երկարատև և կայուն բարձր աճի ապահովում, պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում, սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։