Կոմպոզիտոր Ստեփան Էլմասի ստեղծագործությունները կրկին լսելի կդառնան
КультураՖրանսահայ երաժշտագետ և դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը Կոմիտասի տուն-թանգարանում ներկայացրեց հայ կոմպոզիտոր Ստեփան Էլմասի կյանքն ու գործունեությունը:
«Ուսանող տարիներին ծանոթացա Ստեփան Էլմասի ստեղծագործություններին և այնքան տպավորվեցի, որ որոշեցի ուսումնասիրել նրան և դասախոսությունների միջոցով մարդկանց ճանաչելի դարձնել նրա թողած ժառանգությունը»,- նշեց Ալեքսանդր Սիրանոսյանը:
Ստեփան Էլմասը ծնվել է Իզմիրում՝ հարուստ հայ ընտանիքում: Փոքր հասակից դաշնամուր է նվագել, այնուհետև որոշել կատարելագործվել՝ սովորելով Գերմանիայում: Կրթվել է հայտնի երաժիշտ Ֆրանց Լիսարի մոտ:
Ուսանողական տարիներից հրատարակել է իր ստեղծագործությունները: Նրա համար ոգեշնչման աղբյուր է դարձել Շոպենը, և դա զգացվում է Ստեփանի գրեթե բոլոր գործերում:
1886թ. Էլմասը հանդես է գալիս մենահամերգով՝ նվագելով Բախի, Շոպենի, Շումանի և այլ հրաշալի երաժիշտների ստեղծագործություններ:
1887թ. մենահամերգ է ունենում՝ ներկայացնելով միայն իր ստեղծագործությունները և ընդունվում երաժշտասեր հասարակության կողմից: Ստեփանը բազմաթիվ համերգներով է հանդես եկել և՛ Փարիզում, և՛Ժնևում, և՛ Իզմիրում:
Տարիների ընթացքում դաշնակահարի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչն էլ խաթարում է նրա ստեղծագործական բեղուն գործունեության ընթացքը:
Ալեքսանդր Սիրանոսյանի խոսքով՝ գուցե դա է պատճառը, որ նրա երաժշտությունը չի հասունացել և երիտասարդ է մնացել:
Դասախոսությունն ավելի հետաքրքիր էր դաշնակահար Արմեն Բաբախանյանի շնորհիվ, ով պարբերաբար նվագում էր Ստեփան Էլմասի ստեղծագործությունները:
«Ստեփան Էլմասը դաշնամուրի 4 կոնցերտ է գրել, բազմաթիվ նոկտյուրններ, էտյուդներ… Մենք հսկայական աշխատանք ենք կատարել՝ նրա ստեղծագործությունները համակարգչի միջոցով հավաքելու և դրանք կենդանացնելու համար, տպագրել ենք բազմաթիվ նոտաներ, որպեսզի նրա գործերը կրկին լսելի դառնան:
Նրա շատ գործեր իրենց լեզվով, ձևով, գույնով բացառիկ են ու հզոր: Ստեփանն արժանի է, որ իր մասին իմանան»,- ասաց դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Ալեքսանդր Սիրանոսյանը պատրաստվում է նման դասախոսությամբ հանդես գալ նաև Վենետիկում և աշխարհի տարբեր քաղաքներում: