Ինդոնեզիայում աշխարհի ամենահին ժայռապատկերներից են հայտնաբերել
Ինդոնեզական Սուլավեսի կղզում գիտնականները աշխարհում ամենավաղ շրջանի ժայռապատկերներից են հայտնաբերել: BBC-ի փոխանցմամբ, մինչեւ հիմա ամենահին ժայռապատկերները հետազոտողները գտնում էին միայն Արեւմտյան Եվրոպայի տարածքում: Ինդոնեզական հայտնագործությունը փոխում է պատկերացումն այն մասին, թե ինչպես է մարդն առաջին անգամ զարգացրել արվեստի գործ ստեղծելու ունակությունը:
Գիտնականները նկարների տարիքը որոշել են քարանձավում կրաքարի աճի միջոցով: Համարվում է, որ ամենահին ժայռապատկերները շուրջ 40 հազար տարեկան են: Կղզում հայտնաբերված նկարներում մարդու եւ վայրի կենդանիների պատկերներ կան:
«Ձեռքի պատկերն արվել է նվազագույնը 39 հազար տարի առաջ: Դա ձեւանմուշով արված ամենահին պատկերն է: Դրա կողքին խոզի նկար է, որն արվել է նվազագույնը 35.400 տարի առաջ: Դա կերպարվեստի ամենահին նմուշներից է, եթե ոչ ամենահինը»,- նշել է ավստրալական Գրիֆիթ համալսարանի աշխատակից Մաքսիմ Օբերտը:
Գիտնականի տեղեկացմամբ, քարանձավներում նաեւ կան նկարներ, որոնք արվել են 27 հազար տարի առաջ, ինչը նշանակում է, որ այնտեղ բնակվող մարդկանց սերունդները նկարել են նվազագույնը 13.000 տարվա ընթացքում: