Իտալացի դիրիժորի համար խաչատրյանական մրցույթն ու փառատոնը մեծ փորձառություն է
КультураԽաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հյուրն է իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին։ Նրա ղեկավարմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Էդուարդ Հայրապետյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Լյուդվիգ վան Բեթհովենի լավագույն ստեղծագործությունները:
Սիմֆոնիկ համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահարներ Արամ Թալալյանը, Գայանե Խաչատրյանը, Անուշ Յավրումյանը։
Բեատրիչե Վենեցին Նեապոլ քաղաքի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Նա նաև դաշնակահար է, կոմպոզիտոր։ Երիտասարդ դիրիժորի խոսքով, Հայաստանում և' խաչատրյանական մրցույթի, և' փառատոնի շրջանակներում ինքը մեծ փորձառություն է ձեռք բերել։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ իր համագործակցության մասին՝ Բեատրիչե Վենեցին նշեց, որ այստեղ աշխատում են բարձրակարգ պրոֆեսիոնալներ։
«Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Համեմատելով իմ ղեկավարած և Հայաստանի երիտասարդական նվագախմբերը՝ կարող եմ ասել, որ կոլեկտիվների մոտ տարբեր հիմքեր են դրված, տարբերություն կա նաև տեխնիկական մասով, ունեն տարբեր մտածելակերպ, ընկալումներ և աշխարհայացք, ուստի նրանց մատուցած երաժշտությունն էլ բոլորովին այլ կերպ է հնչում, ամեն մեկինը՝ յուրովի»,- ասաց Բեատրիչեն։
Բեատրիչե Վենեցին ընթացիկ տարվա ամռանը դարձյալ Հայաստանում էր: Նա մասնակցում էր Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել էր հատուկ մրցանակի՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում հնարավորություն ստանալով հանդես գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորի դերում։
Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Մինչև դեկտեմբերի 10-ը փառատոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի շուրջ 20 համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, բալետային ներկայացումներ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։