Լրագրողների համահայկական համաժողովը քննարկել է Սփյուռքի և Հայաստանի լրագրության խնդիրները
ОбществоԼրագրողների համահայկական 8-րդ համաժողովում կայացել է «ՀՀ դիվանագիտական ներկայացչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները» թեմատիկ նիստով, որը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, լրագրող, հրապարակախոս Պայծիկ Գալաջյանը, «Վանա Ձայն» ռադիոյի տնօրեն Ավետիս Կիտանյանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. ««Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական անկայուն հարաբերություններն ու Իսրայելի հայկական կազմակերպությունների աջակցությունը հարաբերությունների զարգացման գործում» թեմայով զեկույց ներկայացրեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: Նա անդրադարձավ հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների պատմությանը, նշեց վերջին շրջանում դրանց ակտիվացման միտումներն ու դրական ազդեցությունը հայ համայնքի հեղինակության և վարկանիշի ամրապնդման վրա:
«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով զեկուցեց «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, համշենահայ կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը: Նա կարևորեց համշենահայերի խնդիրների լուծման հրատապությունը, անդրադարձավ համայնքային կառույցների և պետական մարմինների փոխհարաբերություններին:
Ելույթ ունեցավ նաև Լիբանանի «Արարատ» օրաթերթի ներկայացուցիչ Անի Թորանյանը: Նա կարևորեց համաժողովները՝ որպես ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման նպաստավոր հանգրվաններ` շեշտելով, որ հայկական լրատվական դաշտը մեկ գերակա դերակատարություն ունի՝ ծառայել հայրենիքին:
Տեղի ունեցան քննարկումներ մամուլի լեզվի, առաջնահերթությունների, նաև՝ ազգային խնդիրների վերհանման հարցերի շուրջ: Հնչեցին առաջարկներ:
Երեկոյան սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարները կհանդիպեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Համաժողովն իր աշխատանքը կշարունակի նաև վաղը»:
Համաժողովի շրջանակներում սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: