Մարդկանց արգելում են անձնական մեքենաներով Երեւան գալ. ԲՀԿ-ական պատգամավոր
Խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրավիրած համատեղ համապետական հանրահավաքից ժամեր առաջ արդեն մարզերից եկող քաղաքացիներին թույլ չեն տալիս Երեւան մտնել: NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ արդեն ահազանգեր են ստացել:
«Մի օրինակ բերեմ՝ Աշտարակից ահազանգ ունենք, որ մարդկանց թույլ չեն տալիս անձնական մեքենաներով Երեւան գալ, փորձել են խոչընդոտել, խոսքը ոչ թե հանրահավաքին եկող քաղաքացիների մասին է, այլ Երեւանում աշխատողների: Մենք խնդրել ենք, որ մեզ տեղեկություններ տրամադրեն այս դեպքի մասին: Դեռ վաղ առավոտ է եւ համոզված եմ, որ օրվա ընթացքում մենք նման դեպքերի առնչվելու ենք, մեր շրջիկ խմբերն արդեն պատրաստ են, նրանք շրջայցեր են իրականացնում միջպետական եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համայնքային ճանապարհներով»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով՝ Ազատության հրապարակում բեմահարթակ տեղադրելն արգելելն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Հարցին՝ հնարավոր է՝ եռյակի ուժերն իրենք մարզերից ցանկացողներին բերելու համար ավտոբուսներ տրամադրեն, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ցանկացողները գալիս են, մարդկանց համբերության բաժակը լցվել է: Մարդկանց բերելու խնդիր չկա, ազատ եւ հանգիստ թողնելու խնդիր կա»:
Նշենք, որ եռյակի հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: Հանրահավաքին մասնակցելու են եռյակի լիդերները: