«Ալո՛, արա՛, Շմայսն է». Առաքել Մովսիսյանի դարակազմիկ հարցազրույցը
АналитикаԱյսօր ծավալուն և հայեցակարգային հարցազրույցով է հանդես եկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մովսիսյանն արմատական և սուր քննադատության է ենթարկել հայաստանյան տնտեսության մեջ առկա մենաշնորհային երևույթները և իր աջակցությունը հայտնել Կարեն Կարապետյանի կառավարությանն այս հարցում։ Մասնավորապես, Առաքել Մովսիսյանը վստահեցրել է, որ չնայած վարչապետի կողմից անձամբ իրեն զանգելու մասին հայտարարությանը, ինքը չի զանգելու և չի ասելու. «Արա՛, Շմայսն է, մի հատ էս հարցը լուծի»։
Հանրապետական պատգամավորի նման անձնազոհ հայտարարությունը, սակայն, այդ հարցազրույցի միակ սենսացիան չէր, քանի որ պարզվում է՝ Մովսիսյանը չի օգտվել արտոնություններից և չի էլ օգտվելու առաջիկայում, քանի որ իր ընտանիքն ապրում է խաղաղության պայմաններում։
Առաջին հայացքից զարմանալի է թվում, թե ինչ կապ ունի Մովսիսյանների ընտանիքի խաղաղ պայմաններում ապրելը կամ ինչ մարտական պայմաններում կարող էր լինել, սակայն հաջորդիվ Առաքել Մովսիսյանը պարզաբանում է, որ «ընտանիք» ասելով ինքը հասկանում է ողջ հայ ժողովրդին։ Սա, հիրավի, մեծագույն հարգանքի և ոգևորության արժանի հայտարարություն է, քանի որ այդպիսով մեզանից յուրաքանչյուրը կարող է այլևս իրենց զգալ Առաքել Մովսիսյանի ընտանիքի անդամ։ Սա, իհարկե, միայն հոգևոր բավարարվածություն կարող է պատճառել, քանի որ պատգամվորը նշել է, որ չի օգտվելու արտոնություններից, ուստի ենթադրում ենք, որ նրա ընտանիքը, այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես որևէ նյութական արտոնություն չի ունենալու։
Մյուս կողմից՝ թերևս Առաքել Մովսիսյանը հասել է կուշտ ապրելու իր երազանքին և նրա կուսակից Գալուստ Սահակյանի համապատասխան գնահատականը նրան չի վերաբերում, այս տեսանկյունից արդեն կարող ենք փաստել, որ Առաքել Մովսիսյանի՝ ինքնակամ հայ ժողովրդի հայր դառնալու նվիրումը կարող է հաջողությամբ պսակել մեր ազգային երազանքը (ըստ Գալուստ Սահակյանի), և բոլորս այսուհետ կուշտ ենք լինելու։
Վերջապես, ամփոփելով պետք է հորդորենք մեր գործընկեր լրագրողներին, որպեսզի վերջիններս փոքր-ինչ զսպվածություն դրսևորեն Առաքել Մովսիսյանից հարցազրույցներ վերցնելիս, քանի որ հայաստանյան հասարակությանը ժամանակ է պետք է այն ողջ դրական ինֆորմացիան մարսելու համար, որն առկա էր ԱԺ պատգամավորի հարցազրույցում։
Pressmedia.am, վերլուծաբան