Հենրիկ Բաբախանյանի ընկերները նրա 75-ամյակին նվիրված միջոցառում անցկացրեցին
КультураԲանաստեղծ Հենրիկ Բաբախանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումը և նրա «Մարդու առեղծվածը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն իրականացվեցին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում:
«Հերիկը շատախոս չէր, լուրջ էր և զսպված: Սովորել ենք նույն կուրսում և հաճախ ենք ճանապարհորդել, օգնել միմյանց: Նա յուրահատուկ բանաստեղծ էր` սրամիտ և շիտակ»,- նշեց բանաստեղծի ընկեր, նկարիչ, բանաստեղծ Արևշատ Ավագյանը:
Միջոցառմանը ներկա էին բանաստեղծի ընտանիքի անդամները, ընկերները, գրականության ոլորտի ներկայացուցիչներ:
«Հենրիկը հիանալի զրուցակից էր: Շիտակությունը, ճիշտ խոսք ասելու ունակությունը բոլորին տրված չէ: Նա իր կարծիքով և ժամանակի ընկալմամբ շիտակ էր, չէր վախենում արտահայտել իր կարծիքը և պայքարել իր գաղափարների իրականացման համար:
Հենրիկն իր ստեղծագործությունների միջոցով նոր խոսք ասաց գրականության մեջ` պահպանելով գրական ավանդույթները»,-ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ թարգմանիչ, բանաստեղծ Ներսես Աղաբեկյանի` Հենրիկ Բաբախանյանի բանաստեղծություններում կա անսահման անկեղծություն և հայրենասիրություն:
«Բաբախանյանը 60-ականների ավանգարդիստական շարժման ակտիվ մասնակից էր: Այդ շարժման ներկայացուցիչները նոր հարթության վրա դրեցին բանաստեղծական ոճը` դարձնելով այն ազատ` առանց կապանքների»,- շեշտեց թարգմանիչը, ով նաև Հենրիկ Բաբախանյանի «Մարդկության առեղծվածները» բանաստեղծությունների ժողովածուի նախաբանի հեղինակն է:
Միջոցառման ընթացքում հնչեցին Հենրիկ Բաբախանյանի տեքստերի հիման վրա գրված երգեր Արմինե Եղիազարյանի կատարմամբ:
Բանաստեղծ Հենրիկ Բաբախանյանը ծնվել է 1941թ. հունիսի 17-ին Երևանում: 1962թ. ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին: Ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո չի՛ նահանջել և շարունակել է կրթությունը: Որպես ավագ խմբագիր աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: 1983 թվականից եղել է «Հայ գրքի» Երևանի թիվ 33 բուկինիստական խանութի տնօրեն:
Գրել է «Սպիտակ բացատներ», «Մարտ առանց զենքի» բանաստեղծությունների շարքերը և այլ ստեղծագործություններ: