Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը
АналитикаՕրերս Ռուսաստանում Հայաստանի երկու քաղաքացիների սպանությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Սպանվածներից մեկը «Ձկնկուլ», որոշ լրատվամիջոցների համաձայն՝ «Ձուկ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն էր, ով վերջերս հանդես էր եկել մի շարք մեղադրական հայտարարություններով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հասցեին։ Արմեն Իսրայելյանը նախկինում եղել է Ալեքսանյանի թիմի անդամ, աշխատել նրա մոտ, ապա նրանց ճանապարները բաժանվել են ինչ-ինչ հարցերի շուրջ։ Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա Հատուկ Քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ, որը վերջերս կարճվել էր։
Իր հաջորդ հրապարակային հայտարարությամբ Արմեն Իսրայելյանը նշել էր, որ նախորդ հարցազրույցի ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ և իր բոլոր մեղադրանքները հորինել է։ Ինչևէ, հասկանալի է, որ նման պատմությունների հետ կապված անձի սպանությունը պետք աղմկահարույց դառնար։ Սակայն, մյուս կողմից, երբեմն նման դեպքերը վերածվում են շահարկման թեմայի և բնականաբար այստեղ քաղաքական հետք է նկատվում։ Ինչ խոսք, շատ դժվար է նախաքննության այս փուլում որոշակի կարծիք կազմելը, առավել ևս այդ մասին հայտարարելը, քանի որ գործ ունենք Հայաստանի երկու քաղաքացիների սպանության հետ, ընդ որում, սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում։ Նման իրավիճակում ցանկացած հապճեպ կարծիք կարող է անմեղության կանխավարկածի խախտում դառնալ։ Չնայած այս փաստին, անգամ խորհրդարանում հնչում են հայտարարություններ, որոնք անուղղակի մեղադրանքներ են պարունակում։
Ընդհանրապես մենք գործ ունենք բավական խառը պատմության հետ։ Իր առաջին հարցազրույցում Իսրայելյանը մեղադրում էր Ալեքսանյանին իրեն առևանգելու, իր բիզնեսները ձեռքից խլելու մեջ։ Արդյո՞ք դա իրականություն էր, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ հաջորդ հարցազրույցում Իսրայելյանը հերքում էր իրեն՝ նշելով իր ոչ սթափության մասին։ Արդյո՞ք հայաստանյան օլիգարխներին հատուկ է նման գործելաոճը, անշուշտ, չի բացառվում, քանի որ մենք հաճախ ենք լսել տարբեր օլիգարխների կողմից կատարվող այսպես ասած պատժիչ գործությունների մասին՝ ծեծից, խոշտանգումից մինչև առյուծի վանդակ գցելը։ Վերջապես, ականատես ենք եղել, թե ինչպես ոչ պակաս հայտնի օլիգարխի թիկնապահները ռեստորանում ծեծելով սպանում են բժշկին։
Նման պայմաններում շատ հեշտ ու միաժամանակ անշնորհակալ գործ է մեղադրական սլաքներ ուղղել, առավել ևս, երբ թիրախում Ալեքսանյան Սամվելի պես մեղմ ասած ոչ միանշանակ ընկալվող անհատն է։
Մյուս կողմից՝ Արմեն Իսրայելյանն իր երկու հարցազրույցներում էլ նշում էր իր խմելու հակումների մասին։ Արդյո՞ք սա բավարար է ենթադրել, որ ՌԴ-ում կատարված նրա սպանությունը կենցաղային վեճի ու իրադրության արդյունք է, կրկին դժվար է ասել։ Մյուս կողմից՝ ինչքան հաճախ են մենք լսում տարբեր կենցաղային իրավիճակներում, հաճախ պայմանավորված ալկոհոլի չարաշահմամբ, սպանությունների մասին կամ նմանօրինակ հանցագործությունների մասին։ Արդյո՞ք որևէ մեկը կարող է ժխտել, որ Արեմն Իսրայելյանի սպանությունը տեղի է ունեցել լրիվ նույն սցենարով։ Կարծում եմ, որ ոչ, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ հայտնի չէ, առնվազն նպատակահարմար չէ խախտել անմեղության կանխավարկածը, ինչքան էլ ամեն ինչ ակնհայտ ու պարզ երևա։ Ի վերջո, ցանկացած երևույթ կարելի մեկնաբանել առնվազն երկու տեսանկյունից։
Աղասի Մարգարյան
Pressmedia.am վերլուծաբան