Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը լուծարվելու է
ЭкономикаՖինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում լուծարվելու է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ես ցանկացած քայլ անելուց առաջ համակողմանի լսում եմ բոլոր շահագրգիռ անձանց կարծիքը, բայց բոլորին տալիս եմ մեկ հարց՝ խնդրում եմ ինձ պատասխանեք, այն գումարները, որոնք ծախսվում են ձեզ վրա, գումարները ծախսելով՝ ի՞նչ արդյունավետություն ենք մենք ստեղծում, ովքե՞ր են օգտվում ձեր ծառայություններից և արդյո՞ք այդ ծառայությունները մասնավորի կողմից չեն մատուցվում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր կա խնդիր, որ ուսումնական կենտրոնները համեմատաբար քիչ են աշխատում պետության հ ետ, և դա այն պատճառով է, որ ստեղծվում են նման կառույցներ, որոնք անարդյունավետ են:
Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը կհանձնվի Պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ ունի հատուկ հաստատված ծրագիր:
«Բայց նույն ծրագիրը ես մտադիր եմ իրականացնել այլ ուսումնական հաստատությունների միջոցով»,- նշեց ֆինանսների նախարարը:
Լրագրողները հետաքրքվեցին՝ այսինքն՝ անիմա՞ստ էր այդ կենտրոնի վրա բյուջեից հսկայական գումարներ ծախսելը, ոչ նպատակային ծա՞խս է եղել:
«Իմ սկզբունքն է, որ ես երբեք նախորդների մասին գնահատական չեմ տալիս, դա ճիշտ չէ: Բայց ես կարծում եմ, որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին և մտածել, թե ինչ անենք, որ դա ավելի արդյունավետ ծախսենք: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է յուրաքանչյուր գումար շատ ավելի խելամիտ ծախսենք, ծրագրերում ներառենք նաև այն հաստատությունները, որոնք ունեն կարողություն»,- պատասխանեց Արամյ անը:
Նախատեսվում է, որ լուծարվելուց ու Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնվելուց հետո այս ուսումնական կենտրոնը կհանվի աճուրդի: Մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ այն վաճառվելու է: