Գագիկ Գեւորգյանը կարեւոր է համարում ոսկերչական արդյունաբերությունում աշխատատեղերի ստեղծումը
ЭкономикаՀամաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի կարծիքով՝ հեշտ կլինի զարգացնել ոսկերչական արդյունաբերությունը Հայաստանում:
«Ոսկերչական ինդուստրիան իսկապես մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ արվում է այն զարգացնելու ուղղությամբ:
Միայն պատրաստի ոսկերիչներ չէ, որ հրավիրվում են այստեղ, մենք սովորեցնում ենք երիտասարդներին, ովքեր կես տարվա ընթացքում դառնում են մասնագետներ եւ իրենց ուրույն տեղն են ունենում մեր գործարաններում»,- այս մասին «Մերիդիան» ոսկերչական գոտու տարածքում շուրջ 25 երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկած Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարին ասաց Գագիկ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ ոչ բավարար պայմանների խնդիրն առկա է բոլոր հետսովետական երկրներում: «Ամենակարեւորը ազատ տնտեսական գոտին է, որն ազատում է հարկերից: Գործարարները աշխատում են այստեղ, արտադրանք են տալիս, իհարկե ստեղծում են աշխատատեղեր, անում են ներդրումներ ամեն մեկն իր չափով: Ամենակարեւորը, որ նրանք չունեն հարկերի հանդեպ պատասխանատվություն: Դա ամենամեծ խնդիրն է ամբողջ աշխարհում: Իսկ մեզ համար ամենակարեւորը հենց աշխատատեղեր ստեղծելն է»-եզրափակեց նա:
Զարդագործության, ոսկերչության, թանկարժեք մետաղների, ադամանդների, մարգարիտների եւ թանկարժեք քարերի միջազգային համադաշնությունը միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը` թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացումը:
Այն այս ոլորտը կանոնադրող եւ կանոնակարգող համաշխարհային հիմնական ատյանն է: Համադաշնության անդամ են հանդիսանում ոսկեգործական ազգային ընկերակցություններն աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնց թվում է Հայ ոսկերիչների ընկերակցությունը: Կազմակերպության նստավայրը Միլանում է:
2016 թվականից CIBJO-ն միակ կազմակերպությունն է, որն ունի ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի խորհրդատուի կարգավիճակ աշխարհի ոսկերչական ոլորտի հարցերով: Այն ունի 4 սեկտոր` ոսկեգործ զարդերի եւ իրերի արտադրության հարցերով, ոսկեգործ զարդերի եւ իրերի մեծածախ առեւտրի հարցերով, ոսկեգործ զարդերի եւ իրերի մանրածախ առեւտրի հարցերով, ալմաստների ոսկերչական քարերի եւ մարգարիտների վաճառքի ու մշակման հարցերով: