Մաքենիսում մշտական ջրամատակարարմամբ բարելավվում է մարդկանց կենցաղը
ОбществоԳեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում մոտ 1 տարի առաջ պետական միջոցներով կառուցված խմելու ջրի մատակարարման համակարգի շահագործման արդյունքում արդեն բարելավում է նկատվում բնակչության կենցաղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանը, մեկ տարվա ընթացքում Մաքենիսում բնակվող 125 ընտանիքների մոտ 80 տոկոսն արդեն իրենց բնակարաններում բաղնիք եւ սանհանգույց են կառուցել:
«2015 թվականի վերջերին շահագործվեց մեր գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը: Պետությունն այստեղ ներդրեց 18 միլիոն դրամ: Ներքին ցանցի կառուցման գործում որոշակի աջակցություն ցուցաբերեցին գյուղի բարերարները: Մինչ այդ ջուրը մատակարարվում էր անկանոն, արտաքին ցանցը քայքայված էր, վթարները չէինք հասցնում վերացնել, իսկ ներքին ցանց չունեինք: Մարդիկ ջուրն օրնիբուն կրում էին մոտակա ծորակներից: Բայց ջրի մշտական մատակարարման արդյունքում ընտանիքներն անմիջապես սկսեցին քայլեր ձեռնարկել իրենց կենցաղը բարելավելու ուղղությամբ: Մաքենիսի գազաֆ իկացված լինելը եւս նպաստեց, որ մարդիկ առաջին հերթին մտածեն բաղնիք, ապա՝ սանհանգույց ունենալու մասին: Եթե առաջիկայում Ծովակ-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհն էլ հիմնանորոգվի՝ համոզված ենք, որ մեր գյուղում կյանքն ավելի հեշտ ու հրապուրիչ կդառնա, մարդիկ ավելի ամուր կկապվեն իրենց հող ու ջրին»,-ասաց Մաքենիսի գյուղապետը:
2016 թվականի ընթացքում Մաքենիսում գրանցվել է 4 ծնունդ:
Խոսրով Խլղաթյան