Այստեղ խոզը չի ապրի. 1988-ին բնակիչներին վրան են բաժանել` շենքը լքելու համար, բայց 26 տարի անց մարդիկ այնտեղ դեռ ապրում են
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում` դեռևս 1932–ին կառուցված շենքում բազմանդամ ընտանիքներ են ապրում: ORER.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներն ասացին, որ շենքում 29 ընտանիք է ապրում, սակայն շենքը չորրորդ կարգի վթարային է. «Արմավիրի մարզպետն էլ է տեղյակ, եկել իր աչքով է տեսել, ճարտարապետներ են եկել ու զարմացած հետ գնացել, իսկ խնդրին ոչ ոք լուծում չի տալիս, բոլորը խաբում են»:
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ 1993-ից տեղի բնակիչները բողոքում են, սակայն նրանց ձայնը դեռ ոչ ոք չի լսել. «Օրական գալիս ենք, խաբում են ու ճամփու դնում, մենք էլ մեղք ենք, չէ՞, ինքնասիրություն ունենք: Կամ ռեալ ասեն` հա՛, կամ ասեն` չէ՛, մենք էլ իմանանք ինչ ենք անում: Ով հնարավորություն ունի թողնում գնում է, ով էլ հնարավորություն չունի` մեզ նման բողոքում է: Ոչ մի պայման չկա, որ տեսնեն, կասեն` այստեղ խոզը չի ապրում, մարդիկ ո՞նց են ապրում»:
Մեկ այլ բնակիչ էլ հիշեց, որ դեռևս 1988-ին` Խորհրդային միության տեղի իշխանությունները շենքը ստուգել են ու բնակիչներին վրաններ բաժանել` պահանջելով լքել շենքը. «88-ից 26 տարի է անցել, պատկերացնո՞ ւմ եք, թե հիմա ի՞ նչ վիճակում է շենքը, բայց ստիպված, վախեցած, ամոթով ապրում ենք: Ջահելներն էլ չեն ամուսնանում, ամոթից չեն ամուսնանում: Աշխատանք ու եկամուտ էլ չկա, որ մենք աշխատենք, մեզ համար տուն կառուցենք»:
Երեկ տեղի բնակիչներին ևս մեկ անգամ Կառավարության դիմաց ոչ ոք չի լսել, սակայն նրանք հույս ունեն, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կհանդիպեն վարչապետին` իրենց պահանջի վերաբերյալ հստակ պատասխան իմանալու ակնկալիքով: