Կառուցվածքային փոփոխությունը որակական փոփոխության չհանգեցրեց
АналитикаԵրեկ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 հասցեում գտնվող շենքը, իսկ ավելի ստույգ՝ մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որը մեկդարյա պատմություն ուներ, քանդվեց կամ ավելի ճիշտ՝ պայթեցվեց: Պայթեցման գործը, անշուշտ, կազմակերպվել էր բարձր մակարդակով: Այն, որ քանդելու հարցում հասել ենք աննախադեպ արդյունքների ու կարողանում ենք նույնիսկ մի քանի շենքի հարևանությամբ գտնվող շենքն առանց հարևան շինություններին վնասելու ուղարկել պատմության գիրկը, փաստ է: Դրանում արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, բայց հասկանալի չէ, թե ինչու որևէ պաշտոնյա առայժմ չի շտապում մեկնաբանել, թե երբ, ինչպես և ում կողմից է տրվել 100-ամյա շենքը վերացնելու իրավունքը:
Ենթադրաբար, շենքը քանդելու իրավունքի «վկայականը» տրվել է մի քանի գերատեսչությունների «դաբրոյի» արդյունքում, որտեղ իր նշանակալի տեղն ու դերը պետք է ունեցած լինի նաև քանդելու հարցում Նոբելյան մրցանակի «թեկնածու» Նարեկ Սարգսյանը: Այն, որ Երևանի երբեմնի գլխավոր ճարտարապետ, ներկայիս Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով մայրաքաղաքի կենտրոնից բազմաթիվ շենք-շինություններ են այն աշխարհ ուղարկվել և «լքել» Երևանը, գիտեն բոլորը, բայց այն, որ նա շարունակում է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հին շինություններից «մուռ հանել» ու ջնջել հին քաղաքի պատմությունը, ողբերգություն է:
Գաղտնիք չէ, որ կենտրոնում գտնվող ցանկացած քառակուսի միլիմետր մեծ գին ունի, բայց թե ինչու Ջերմուկ քաղաքում ծնված ու մեծացած Նարեկ Սարգսյանն իր ճիրանները չի ուզում հանել մայրաքաղաքի կենտրոնից, հայտնի չէ: Գուցե նա որոշել է մայրաքաղաքի հետ կապված իր տխուր հիշողությունները ջնջել ու դրանից հետո հանգիստ շունչ քաշել, բայց ով է թույլ տվել նարեկսարգսյանական ճաշակով վերաձևել մայրաքաղաքը և երևանցիներին ստիպել հաշտվել իր պատմությունը ջնջելու նրա պատանեկան քմահաճույքի հետ:
Պարզ է նաև, որ դա չի կարող միայն լոկ ցանկություն կամ մանկական քմահաճույք լինել: Դրա հետևում նաև բավական կլորիկ գումարներ են պտտվում, իսկ թե այդ գումարներից որքանն է երկրի բյուջե մտնում, պարզ չէ: Փոխարենը պարզ է, որ Նարեկ Սարգսյանը շարունակում է ջնջել մայրաքաղաքի պատմությունը՝ փոխարենն անճաշակ ու աննպատակահարմար շենք-շինություններ կառուցելու թույլտվություն տալով:
Թվում էր, թե նախարարությունը կոմիտեի վերածելով պետք է կրճատվեին նաև Նարեկ Սարգսյանի հնարավորությունները, սակայն պարզ դարձավ, որ կառուցվածքային փոփոխությունը որակական փոփոխության չհանգեցրեց։ Քանի դեռ Նարեկ Սարգսյանը կանգնած է քաղաքաշինություն ակունքներում, Երևանի կենտրոնը շարունակելու է կորցնել իր պատմությունը՝ ջնջելով նաև անցյալի բոլոր հիշողությունները:
Արմինե Գրիգորյան